Զուգադիպությո՞ւն, թե գծված ծրագիր
ՀասարակությունՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ոչ ավել, ոչ պակաս կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի իրական թիվը: «Գիտեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը: Մինչև հիմա, մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, պետք է կենտրոնանաք այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: Ունենք թանգարան, ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ունենք, գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց պետք է ունենանք ամենակարևորը՝ այդ միլիոնուկեսի անուն, ազգանունը, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային»,- ասել է նա:
Անդրանիկ Քոչարյանը, անշուշտ, պատահական անձ չէ: ՔՊ-ում ընդունված ցանկացած որոշում, որն իշխող քաղաքական թիմի պատկերացմամբ պետք է հանրային լայն ռեզոնանս առաջացնի, նախ տարածվում է հենց Քոչարյանի շուրթերով: Այս անգամ էլ կարելի է ասել, որ պատգամավորի հայտարարությունն ամբողջովին տեղավորվում է իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ: Սա այն թիմն է, որն սկզբում հրաժարվեց «Հիշում եմ և պահանջում եմ» արտահայտության պահանջում եմ բաղադրիչից, այնուհետև զրոյի հասցրեց պետական պաշտոնյաների արարողակարգային այցելությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ սկզբում պատճառաբանելով դա համավարակի տարածմամբ, այնուհետև՝ այլ առիթներով: Եվ սա այն թիմն է, որն այն աստիճան է ցանկանում բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, որ անգամ, ըստ որոշ տեղեկությունների, ցանկանում է Սահմանադրության մեջ ամրագրել ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը, ինչպես նաև հրաժարվել ազգային սիմվոլիկայից՝ դիցուք Արարատ լեռից:
Պատահականությո՞ւն էր արդյոք, որ Քոչարյանի այս հայտարարությունն արվեց Ֆրեզնոյում Սողոմոն Թեհլերյանի գերեզմանն այրելու օրը և ապրիլի 24-ի հերթական տարելիցից ընդամենն օրեր առաջ: Պատահականությո՞ւն էր, թե ծրագրավորված և համակարգային դարձած քաղաքականության մի մաս...
Նյութի աղբյուր` https://lurer.com/?p=568386&l=am