ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ Փաշինյանի համար սպառնալիք են, արցախցիների համար` նիկոլական
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարեց, թե ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: Մինչդեռ արցախցիների շրջանում բոլորովին այլ տպավորություն է:
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ծավալուն գրառմամբ է հանդես եկել, ըստ որի, աչքալուսանք է տվել արցախցիներին, թե ՀՀ կառավարությունը հաստատել է մի որոշում, որով շարունակվելու է բռնի տեղահանված արցախցիներին տրվել բնակվարձի եւ կոմունալ ծախսերի համար 50,000 դրամ ամսական աջակցությունը՝ առայժմ մինչեւ տարեվերջ: Այս ծրագրում ներառվել են նաեւ 2020թ. տեղահանված անձինք՝ բացառությամբ 2022թ. ընդունված բնակարանային ծրագրի շահառուների: Նա ողջունել է այս որոշումը եւ ընդգծել, որ բոլոր տեղահանվածներն էին սպասում դրան` որպես առկա կարիքների մասնակի բավարարման միջանկյալ ու կարեւոր միջոց: Բեգլարյանը հույս է հայտնել, որ այս որոշման արդյունքում որոշակիորեն նվազելու է նոր թափ առած արտագաղթի ալիքը: Թե ինչպես հանկարծ ՀՀ կառավորությունն այսպիսի բարի կամք դրսեւորեց, Բեգլարյանը նշել է, որ այն պայմանավորված էր հանրության համախմբմամբ ու հավաքական ձայնի արդարացի բարձրացմամբ, ինչը տեղի ունեցավ մարտի 20-ին կայացած հանրահավաքի ժամանակ:
Մինչդեռ «Իրավունք»-ի տեղեկություններով` արցախցիների շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ այս ամենը նախապես պլանավորված «օպերացիա» էր: Որոշ արցախյան շրջանակների հետ Փաշինյանը պայմանավորվել էր, որ անեն հանրահավաք` առանց իր հրաժարականը պահանջելու թեզերի, ինչի արդյունքում կստանան սոցիալական աջակցություն: Ըստ էության, արցախցիների ցասումը մեղմելու եւ նույնիսկ լռեցնելու տարբերակը գտել են, ինչն էլ իրականացվել է հենց արցախցիների ձեռամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ