Սա թշնամանք է Վարդան Մկրտչյանի կողմից՝ ուղղված «Գոյ»-եցիներին. Աշոտ Տեր-Մաթեւոսյան
ԼուսանկարներԳՈՅաՄԱՐՏ
Բազմիցս անդրադարձել ենք, որ «Գոյ» թատրոնը կանգնած է քաշքշուկների եւ դատական պրոցեսների առջեւ, իսկ հիմա իրավիճակն էլ ավելի է լարվել: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում էր «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, պետք է շարունակեր իր գործունեությունը ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Բնականաբար, «Գոյ»-եցիներն ըմբոստացան եւ անգամ նստացույց կազմակերպեցին՝ ի նշան բողոքի եւ դեմ արտահայտվեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ միավորմանը՝ ցանկանալով մնալ անկախ:
«ԿՄՆԱՆՔ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԵՎ ԻՆՉ-ՈՐ ՉԱՓՈՎ ՆԱԵՎ ՄԵՐ ԿԱՐՈՏԸ ԿԱՌՆԵՆՔ»
Եվ ահա հոկտեմբերի 28-ին «Գոյ» թատրոնի դերասանական անձնակազմն այցելել է հարազատ թատրոն եւ տեսել, որ իրենց թատրոնում կատարվում է փոփոխություն՝ փոխել են գրեթե բոլոր դռների փականները, պատերից հանել նկարները: Անգամ մուտքը դեպի թատրոն խոչընդոտներով է:
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ի լուր ամենքի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ահազանգել էր եւ նշել. «Մեր մուտքը սեփական թատրոն փակել էին, սակայն մենք այժմ ներսում ենք՝ ես, Վաչե Երիցյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Գուրգեն Սարգսյանը, Լիլիթ Բադանյանը եւ էլի դերասաններ»:
Դերասաններն անհապաղ մամլո ասուլիս հրավիրեցին «Գոյ» թատրոն՝ տեղում ներկայացնելու առկա իրավիճակը, բայց լրագրողներիս այդպես էլ չհաջողվեց մուտք գործել թատրոնի սրահ: Այնուհանդերձ, հետեւելով դերասանների ուղիղ միացումներին՝ հասկանալի դարձավ, որ դերասանները պատրաստվում են պայքարել մինչեւ վերջ եւ անգամ գիշերել թատրոնում: Այդպես էլ վարվեցին:
Իսկ Սունդուկյան թատրոնի տնօրինությունը հաղորդում էր ներկայացրել ոստիկանության բաժանմունք, իբրեւ թե ներխուժում է եղել «Գոյ»՝ համարելով դերասանների քայլը ինքնիրավչություն: Մինչդեռ ոստիկանությունը տեղում իրավիճակին ծանոթանալով՝ այլ եզրահանգման է եկել եւ չի համարում դերասանների այդտեղ գտնվելու փաստը անօրինություն, կամ ինչպես սունդուկյացիներն են ասում՝ ինքնիրավչություն:
«Ոստիկանները մեզ հետ բանակցությունների մեջ են եղել երեկոյան ժամը՝ 17:00-ից մինչ ուշ երեկո, որն ուղեկցվել է փոխադարձ հարգանքով», - տեղի ունեցածի մասին մանրամասնլ է «Գոյ» թատրոնի դերասան ԱՇՈՏ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ:
Դերասաններն ընդհանուր հայտարարի են եկել ոստիկանության հետ եւ մնացել են թատրոնում՝ նրանց իսկ հսկողության ներքո:
«Քանի որ որքան էլ սա մեր թատրոնն է, այնուհանդերձ, համարվում է պետական գույք, հետեւաբար ոստիկանների հսկողության ներքո՝ մենք մնալու ենք այստեղ այնքան, մինչ որեւիցե կառույցից, դա կլինի դատարան, կամ այլ պատկան մարմին, չստանանք հստակ պատասխան եւ հասկանանք, որ գործին ընթացք է տրվում: Ի դեպ, ապրիլ ամսին էինք սպասում պատասխան, սակայն մինչ օրս պատասխան չունենք: Այլ կերպ դեռեւս չենք կարողանում պայքարել ու հիմա փորձում ենք մեր իրավունքները բարձրաձայնել դատարանում: Հնարավոր է վաղը լինի հանդիպում, որտեղ հարցին լուծում կտրվի, իսկ մինչ այդ կմնանք մեր հարազատ թատրոնում եւ ինչ-որ չափով նաեւ մեր կարոտը կառնենք»,- շեշտել է Տեր-Մաթեւոսյանը:
Դերասաններն իրենց շնորհակալության խոսքն են հայտնում աջակիցներին, ոստիկանության աշխատակիցներին, լրագրողներին, այն անծանոթ մարդկանց, ովքեր դերասաններին սնունդ ու ջուր էին տանում: Նրանք կոչ են անում բոլորին՝ հետամուտ լինել գործընթացին, քանի որ պայքարում են ստեղծագործելու եւ արդարության համար:
«ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ԳՆԱՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ»
«Իրավունք»-ը կապ հաստատեց «Գոյ» թատրոնի դերասան ԱՇՈՏ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ, ով եւս հարազատ թատրոնում գիշերն անցկացրած իր գործընկերների հետ է եղել:
— Ուղիղ եթերով Դուք ասել էիք, որ հանդիպում է նախատեսված մի մարդու հետ, եւ դրանից հետո որոշակիորեն պարզ կդառնա «Գոյ»-ի ճակատագիրը: Հանդիպումը կայացա՞վ, եւ ո՞վ էր այդ մարդը:
— Թույլ տվեք չակերտներ չբացեմ, որոշակի գաղտնիություն պահեմ: Ցավոք, հանդիպումը չկայացավ: Պիտի ասեմ, որ մի քանի դերասաններով գործի բերումով դուրս եկանք՝ ես նկարահանման էի, մյուսը` հուղարկավորության եւ այլն, բայց մի քանիսը դեռ ներսում են: Հիմա որ դուրս ենք եկել, Սունդուկյան թատրոնը դռները կողպել է ու թույլ չի տալիս ներս մտնենք նորից: Ամեն դեպքում, մեր ընկերների մի մասը ներսում է, ու մեր ակցիան, այսպես ասած, շարունակվում է:
— Ոստիկանությունը եւս դեռ ներսու՞մ է:
— Այո՛, ոստիկանությունը հսկում է տարածքն ու ավելի շատ կարգն է պահպանում, որպեսզի Սունդուկյանի եւ «Գոյ» թատրոնի աշխատակիցները կոնֆիլկտ չունենան: Դե, բնական է, լարվածությունը մեծ է, կոնֆլիկտի հավանականությունը՝ եւս: Սունդուկյանի տնօրեն Վարդան Մկրտչյանը գնացել է ոստիկանություն եւ հաղորդում է ներկայացրել, որ իբր մենք ներխուժել ենք թատրոնի տարածք՝ հույս ունենալով, որ ոստիկանությունն ուժ կկիրառի եւ մեզ դուրս կհանի տարածքից, բայց քանի որ Քննչականը վարույթ չընդունեց այդ բողոքը, դրա համար Սունդուկյանի տնօրինությունը որոշեց դռները կողպել եւ թույլ չտալ, որ մենք ներս մտնենք: Ընդ որում՝ չնայած նրան, որ մեր ընկերները ներսում են: Ես չեմ հասկանում՝ ինչ տրամաբանությամբ է սա արվում, եթե ոստիկանությունը չի համարում, որ այս պահին մեզ պետք է դուրս հրավիրի: Երբ որոշում լինի դուրս հրավիրելու, ապա ի՞նչ տարբերություն 7 հոգու դուրս կհրավիրի, թե՝ 14 հոգու: Հույս ունեմ, որ ինձ կհաջողվի կրկին ներս մտնել «Գոյ» թատրոն ու գիշերել այնտեղ՝ ընկերներիս հետ:
— Սա թշնամա՞նք է:
— Ես համարում եմ, որ սա թշնամանք է, սա անհանդուրժողականություն եւ անհամբերություն է, թե երբ արդարադատությունը որոշում կկայացնի: Այո՛, սա թշնամանք է Վարդան Մկրտչյանի կողմից մեզ ուղղված:
— Վարդան Մկրտչյանն ինչո՞ւ է այդքան շահագրգռված «Գոյ»-ի չգոյությամբ: Ներկայիս իշխանությանն իր հավատարմությո՞ւնն է սրանով փորձում վերահաստատել:
— Չգիտեմ, չեմ կարող ասել, դա լավ կլինի իրեն հարցնեք, ու շատ լավ է, որ դա նկատել եք եւ ինքներդ եք ասում: Հույս ունեմ, որ այդ հարցը մի օր իրեն կուղղեն, չնայած՝ վստահ եմ, որ ինքը դիվանագիտական պատասխան տալով՝ կխուսափի ուղիղ պատասխանից: Չեմ կարծում` իշխանության հետ կապ կա, կամ հրահանգ է կատարում, դրա մասին խոսք չի գնում, սակայն բազմիցս ասել ենք, որ այս ամենի հետեւում կանգնած է Սունդուկյան թատրոնի տնօրենը: Իմ խորին կասկածներով, այս պատմությունը սկսել է ամենաներքեւի օղակներից ու գեղեցիկ փաթեթավորումով ներկայացվել է ԿԳՄՍ նախարարությանը եւ կառավարության ռազմավարությանը համահունչ քայլերով՝ ուղարկվել կառավարություն: Կառավարությունն էլ գուցե նայել է ու համարել, որ ռազմավարությանը չի հակասում, օրինակ, կադրերի կրճատումը, ու հաստատել են: Ես այստեղ կառավարության խնդիրը չեմ տեսնում, սա ներքեւից սկսած գործընթաց է: Մենք ցանկանում ենք այդ փաթեթը բացել, որ բոլորին ցույց տանք, թե որտեղից է սկսվել այս վեճը:
ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ...
«Գոյ»-եցիներն իրենց պահանջով գնացին նաեւ գլխավոր դատախազություն՝ հույսով, որ գոնե այնտեղ լսելի կլինի իրենց բողոքը: Դատախազության մոտ հավաքված դերասանների եւ համախոհների շարքում էր «Գոյ» թատրոնի դերասան ԱՐՍԵՆ ԱԶԻԶՅԱՆԸ: Նա կարծում է, որ այս պարագայում կա օրենքի խստագույն խախտում, ավելին՝ Սունդուկյան թատրոնի տնօրինության գործողություններն օրենքի հետ ոչ մի աղերս չունեն:
«Մենք ամեն բան անում ենք, որ մեր ցանկությունները ոչ միայն կատարվեն, այլ կատարվեն օրենքի սահմաններում, իսկ օրենքը դեռ թույլ է տալիս, որ այս պահի դրությամբ հանգիստ կարողանանք ելումուտ անել մեր թատրոն, ստեղծագործել այնքան ժամանակ՝ մինչեւ դատարանից կունենանք հստակ որոշում, որովհետեւ օրենքը դա թույլ է տալիս: Դա հենց օրենքի այն կետն է, որը խստագույն կերպով խախտում է Սունդուկյան թատրոնի տնօրինությունը», -ասաց Արսեն Ազիզյանը:
Մի քանի օր «Գոյ» թատրոնի ներսում գիշերած դերասաններն անգամ զարմացած էին Սունդուկյան թատրոնի տնօրինության մարդկային մոտեցման վրա, երբ վերջիններս թույլ չեն տվել այդ երկու-երեք օրերին անգամ սնունդ բարձրացնել վերեւ:
«Ինչի մասին ենք խոսում, երբ անգամ թույլ չեն տվել ջուր եւ սնունդ վերեւ բարձրացնենք: Բնականաբար, մեր մուտքն էլ է հիմա արգելված: Մեր ընկերների մի մասը թատրոնում է, մի մասը՝ դատախազության դիմաց կանգնած, եւ հիմա ցանկանում ենք հասկանալ, մեր դիմումը դատախազությունում ինչ փուլում է, որպեսզի կրկին չդանդաղի պրոցեսը, ինչպես մինչ օրս է դանդաղում եւ, կարծես, փորձում են լղոզել մեր պահանջը: Շատ կարեւոր է ֆիքսել այն փաստը, որ մեր պահանջը ո՛չ քաղաքական է, ո՛չ անձնական ամբիցիաներից մղված: Մեր պահանջը շատ պարզ է՝ ունենք 35 տարվա գործող թատրոն, եւ 35 տարվա պատմությունն այսպես ոչնչացնելուն դեմ է նախ մեր հասարակությունը»,- ավելացրեց Ազիզյանը:
Հիշեցնենք, որ դատախազություն «Գոյ»-եցիները գրություն ուղարկել էին շատ ավելի վաղ, բայց մինչ օրս չկա պատասխան:
Ո՞ՒՐ ԵՆ ՄՆԱՑԱԾ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ ՈՒ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ
«Գոյ» թատրոնի դերասանուհի ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այս ամենը համարում է մարդու իրավունքների խախտում: Նրա համար անընդունելի է, երբ իրեն պարտադրում են, թե որ թատրոնում պետք է աշխատի:
«Մենք նույնիսկ չենք կարողանում ներս մտնել մեր թատրոն՝ մեր առաջ դռները փակել են ու անգամ կողպեքն են փոխել: Ես 30 տարի առաջ որոշում կայացրի, որ պետք է աշխատեմ այս ռեժիսորի եւ այս դերասանների հետ, սակայն երբ պարտադրաբար ինձ ասում են ՝ոչ, Դուք այդտեղ չեք աշխատելու, այլ այս մի վայրում պետք է աշխատեք, ես դա համարում եմ մարդու իրավունքների խախտում: Ես իրավունք ունեմ ընտրության՝ ում հետ եւ որ թատրոնում աշխատել: Մեզ ասում են, «Գոյ»-ը խնդիր չունի, կարող են ազատ ստեղծագործել, շարունակել խաղալ, սակայն ինչպես տեսնում ենք, խնդիր ունենք»,- ասաց տիկին Պետրոսյանը:
Իսկ «Գոյ» թատրոնի դերասան ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ բացատրեց, թե ինչու չեն ցանկանում միանալ Սունդուկյան թատրոնի հետ:
«Մենք զրկվում ենք մեր իրավունքներից, այդ դեպքում ինչո՞ւ միանանք: Պարզ չի միանալուց հետո վաղն էլ ինչ կհրահանգեն, չնայած՝ մոտավորապես գիտենք ինչ են ասելու: Մեր թատրոնի ոճը մի քիչ այլ է, եւ իրենք չեն կարող լուծել մեր խնդիրները, իհարկե, վստահ եմ, որ անգամ ցանկություն էլ չեն ունենա լուծելու: Այս պայքարում մենք ակնկալում ենք՝ արդարություն: Մենք հազար տարբերակ ենք առաջարկել, նույնիսկ, որպես ՍՊԸ աշխատենք, նույնիսկ պետությունից ոչ մի կոպեկ չուզելով, որովհետեւ այդ գումարը մեզ համար կարեւոր չի եղել: 80 հազար դրամը երկու օրվա ծախսելու գումար է: Մենք միշտ ցանկացել ենք ստեղծագործել հենց այդ՝ էքսպերիմենտալ ոճի մեջ», - ասաց Գուրգեն Սարգսյանը:
Նշենք, որ շուրջ երեք օր թատրոնի ներսում նստացույց իրականացնելուց եւ իրավիճակը թեժ պահելուց հետո՝ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմն ինքնակամ դուրս է եկել թատրոնից. ծրագրում են հաջորդ քայլերը: Իսկ մեզ մնում է արձանագրել մի փաստ՝ ո՞ւր են մնացած թատրոնների դերասաններն ու ռեժիսորները: Արդյոք իրենց ընկերներին թիկունք կանգնելու համար այդքան վախենալը վնասակար չէ սեփական առողջության եւ հետագա հարաբերությունների համար: Արդյոք իրենք համարում են, որ ապահովագրված են նման իրավիճակներից, եւ քանի դեռ ուղտը չի չոքել իրենց դռանը, ուրեմն՝ անհանգստանալու առիթ չունեն: Արդյոք անտարբեր ձեւանալն այս պարագայում ճիշտ դիրքավորում է, չէ որ հենց այդ անտարբերությունն է ներսից խժռում ոչ միայն մշակույթը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ