Իշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
ՆերքաղաքականԻշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից ու իրենց աթոռներից, որոնք զբաղեցնում են, ուրիշ ոչ մի ուժ չունի, սպառված, ձախողված, խայտառակված է։ Եթե այս իշխանության վախը մեծանա, ապա ռեպրեսիաները կարող է մեծացնել, որովհետև վախկոտներից բաղկացած իշխանությունն ամեն գնով փորձելու է կանխել փոփոխությունները, որպեսզի հանկարծ իրենց վախերն իրականություն չդառնան,-անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ընդգծելով․
-Աղոթում ենք հաջողության համար, մաղթում ենք, որ հաջողի, բայց պետք է հասարակությունը ոտքի կանգնի, որպեսզի շարժումը հաջողի, այլապես մենք ինքնին, ուզում եմ, որ սա պարզ հասկանաք, հանուն Եկեղեցու ինչ-որ շահերի համար չէ, որ ուզում ենք այս փոփոխությունը։ Եթե հասարակության մեջ կա պահանջ, Բագրատ Սրբազանը հայտ ներկայացրել է այդ պահանջը բավարարելու Եկեղեցու ու եկեղեցականի ուժականությամբ, եթե հասարակության մեջ չձևավորվի այդ պահանջը, Եկեղեցին որևէ մեղք չունի, Եկեղեցին իր համար առանձին օրակարգ չունի, ինքն ուզում է սպասարկել հասարակության օրակարգը։
– Իսկ մարդկանց թիվը բավարար համարո՞ւմ եք, Սրբազա՛ն։
– Ո՛չ, բավարար չեմ համարում, բայց դա իշխանության ուժի մասին չի խոսում, այլ՝ հասարակության անտարբերության ու անփութության, որոշ խավերի, իհարկե, ու որոշ ֆոբիաների մասին է խոսում՝ այսինչը հանկարծ չգա, նախկինը չգա։ Այս ֆոբիաների մասին է խոսում: