Ինչ է խոստանում մեզ Էրդողանի պարտությունը
ՎերլուծությունՄեկ այլ գործոն եւս ի հայտ եկավ, որն Ալիեւի կողմից մասշտաբային պատերազմ սկսելու վարկածի օգտին չէ 'Te;s naeu https://iravunk.com/?p=280112&l=am": Այսպես, նախօրեին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի թիմը՝ իշխող «Արդարություն եւ զարգացումը», 20 տարվա մեջ առաջին անգամ զիջեց ընդդիմությանը՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությանը»: Ընդ որում, Էրդողանը պարտվեց բոլոր առանցքային քաղաքներում:
Փորձագետներն արդեն հասցրել են գնահատել այն իրողությունը, որը ձեւավորվում է Թուրքիայում ընտրություններից հետո: Ընդ որում, կանխատեսումները Էրդողանի համար մռայլ են՝ «Այս ընտրությունները քաղաքական երկրաշարժ կամ նույնիսկ ցունամի էին Թուրքիայի համար»,- ասել է փորձագետներից մեկը՝ Հաքան Աքսայը։ Նրա գնահատմամբ, այս ընտրությունները ցույց տվեցին, որ անցած տարվա մայիսի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո, ընդդիմությունն այսօր ցույց տվեց, որ ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Այսինքն, Թուրքիայում քաղաքական իրավիճակ է փոխվել, եւ դա բերելու է նոր՝ արտահերթ նախագահական ընտրությունների սուր պահանջի:
Այլ փորձագետներ, ասվածին զուգահեռ, հիշել են Էրդողանի հայտարարությունը, որով նա այս ընտրությունները համարել էր իր «վերջին ընտրությունները»: ճիշտ է, Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը նշել է, որ Էրդողանի հայտարարությունը «վերջին ընտրությունների» մասին չի նշանակում նրա հեռանալը քաղաքականությունից։ Սակայն առաջատար փորձագետները պնդում են, որ Էրդողանը մի շարք պատճառներով, այդ թվում` առողջական, այլեւս չի կարող մնալ իշխանության ղեկին: Նա այս տեղական ընտրությունների միջոցով ծրագրում էր իշխանության սահուն փոխանցում իր ցանկալի իրավահաջորդին: Բայց պարտությունը փոխեց իրավիճակը. «Հիմա Էրդողանը պետք է կա´մ այս թույլ դիրքերից գնա «ժառանգորդ օպերացիային»`վտանգելով լիովին կորցնել իշխանությունը, կա´մ շարունակի մնալ պաշտոնին`պահելով իրեն հեռանալ պարտադրող այդ բոլոր խորը գործոնները: Իսկ դրանք էլ ավելի կխորանան, քանի որ իր ուժը գնահատած ընդդիմությունը կշարունակի ճնշել իշխանությանը` կապված արտահերթ ընտրությունների խնդրի հետ»:
Ամեն դեպքում, փաստն այն է, որ դեռ անգամ ընտրությունների վերջնական արդյունքները չհնչած, Թուրքիայում արդեն իսկ այն արագությամբ էին պտտվում արտահերթ նախագահական ընտրություններ պահանջող խոսակցությունները, որ Էրդողանի գրասենյակը ստիպված էր հանդես գալ դա բացառող հայտարարությամբ: Բայց դա արդեն քիչ բան է նշանակում. ընդդիմությունը, որն ընկալվում է համեմատաբար ավելի արեւմտամետ խումբ, քան էրդողանական թեւն է, զգաց իր ուժը, եւ շատ մեծ է հավանականությունը, որ պայքարը կտեղափոխի զանգվածային ճնշումների դաշտ: Իսկ սա ակնարկում է սպասվող քաոսային իրավիճակի մասին, որը, գումարվելով այս ընտրությունների արդյունքներին, խոստանում է նկատելիորեն թուլացնել Էրդողանի դիրքերը: Արդյունքում, նա ունենալու է երկու տարբերակ: Կա´մ փորձել ավելի ամրացնել արեւմտյան ուղղությամբ իր քաղաքականությունը՝ հուսալով, որ դա իրեն կհանի արեւմտամետների հարվածի տակից: Բայց ԱՄՆ-ում առաջիկայում ընտրություններ են, կարող է իրավիճակ փոխվել, եւ այսօր Բայդենի հետ ինչ-որ բան պայմանավորվելը վաղը կարող է չեղարկվել հավանական նոր իշխանությունների կողմից: Կա´մ հակառակը, կարող է ուժեղացնել ռուսական ուղղությունը, արեւմտամետներին ճնշել, որպես պետությանը վնաս հասցնողներ, դրանով ամրապնդել դիրքերը՝ փորձելով «ժառանգորդի» միջոցով վերարտադրվել հաջորդ նախագահական ընտրություններում:
Անկախ նրանից, թե որ ուղղությամբ կնախընտրի գնալ Էրդողանը, մեկ բան հաստատ է՝ նա այս պահին հայտնվել է անորոշ վիճակում՝ ռիսկային հեռանկարներով հանդերձ: Իսկ դա, ինչ խոսք, անորոշություն է փոխանցում նաեւ Ալիեւին, առավել եւս, եթե մինչ ջրերը հանդարտվելը գնա այնպիսի արմատական քայլի, ինչպիսին կլինի հարավկովկասյան հարթակում նոր պատերազմը:
Մյուս կողմից, Հեյդարովիչը հազիվ թե աչքաթող անի նաեւ ուկրաինական ուղղությունը: Կարեւոր դետալ. Թուրքիայի, Ղազախստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունները կոչ են անում իրենց քաղաքացիներին շտապ լքել Օդեսան, Խարկովը, Կիեւը եւ տարածաշրջանը։ Նկատենք, որ խոսքն այն պետությունների մասին է, որոնք նախ` հազվադեպ են հման հայտարարություններով հանդես գալիս: Եվ երկրորդը` քաջատեղյակ են ուկրաինական իրադարձությունների եւ հնարավոր զարգացման սցենարների մասին: Եվ եթե այս երկու հանգամանքը հաշվի առնելով, նման կոչ են հնչեցրել, այն էլ գործնականում միաժամանակ, դա շատ լուրջ մտորումների տեղիք է տալիս ամենամոտ ապագայում սպասվող բուռն ռազմական իրադարձությունների մասին: Առավել եւս, որ երեկվանից լրացավ նախագահի պաշտոնում Զելենսկու լեգիտիմության ժամկետը, մայիսի 21-ին՝ նրա ինագուրացիայի օրը, դա կդառնա շատ լուրջ խնդիր՝ լայն դուռ բացելով ներուկրաինական քաղաքական խորը ցնցումների առաջ:
Մի խոսքով, ռուսների հետ այս պահին թշնամանալը վտանգավոր է: Ալիեւը միշտ էլ դա լավ է հասկացել` ի տարբերություն Նիկոլի…