Քիչ հավանական է, որ Նիկոլի քարոզած լայնամասշտաբ պատերազմը կլինի
ՎերլուծությունՆիկոլական թիմը, անձամբ Նիկոլի ներգրավմամբ, շարունակում է ակտիվ քարոզը, որ եթե չորս գյուղը չտանք, Ալիեւը լայնամասշտաբ պատերազմ կսկսի: Ավելին, որ եթե անգամ այդ չորս գյուղը տանք, դա երաշխիք չէ, որ Ալիեւը պատերազմ չի սկսելու:
ԵԹԵ «ԳՈՂԸ ՏԱՆԻՑ Է»
Իհարկե, պատերազմական այդ քարոզները մեկ պարզ հարց են առաջ քաշում՝ այդ ե՞րբ էր նիկոլյան թիմից ճիշտ խոսք լսվել, որ հիմա նրանց պատերազմական քարոզները պետք է հալած յուղի տեղ ընդունել: Առավել եւս, որ նման քարոզները ձեռնտու են Նիկոլին. այս անգամ պետք է Հայաստանի պաշտոնական տարածքների մեջ մտնող հողեր նվիրի թշնամուն, եւ բացատրությունները, որ եթե չտանք, պատերազմ կլինի, իրեն «արդարացնելու» համար են: Միայն թե այս ֆոնին ամենատարօրինակը հայաստանյան ընդդիմադիր (կամ ընդդիմադիրի դիրքերից հանդես եկող) տարբեր գործիչների եւ վերլուծաբանների դիրքորոշումն է, որը քիչ բանով է տարբերվում նիկոլյան թիմի ասածներից: Այն է՝ Ալիեւը պատրաստվում է պատերազմի, ու այդ չորս գյուղը տալ-չտալն այդ հարցում էական չէ:
Սակայն այս բոլոր հայտարարությունների ֆոնին մեկ հարց է բաց մնում. ո´չ նիկոլական կողմի, ո´չ էլ ընդդիմադիր թեւի` «պատերազմ կլինի» դիրքորոշման կրողները չեն բացատրում, թե ինչո՞ւ պետք է Ալիեւը գնա մասշտաբային պատերազմի: Այսինքն, ո՞րն է Ալիեւի ուզածը, որ Հայաստան առհասարակ չլինի՞, որ այն բոլոր տարածքները, որոնք ԽՍՀՄ-ի վերջին քարտեզներով ներկայացվում էին Ադրբեջանի տարածք, հե՞տ վերցնի, թե՞ ուզում է իրենով անել Սյունիքն ու հասնել Սեւան: Չնայած, երբ խոսվում է պատերազմ լինել-չլինելուց, առաջնայինն անգամ այն չէ, թե ինչ է ուզում Ալիեւը. նա միգուցե ցանկանա ոչ միայն Հայաստանը, այլ ողջ երկրագունդն իրենը լիներ: Ամենակարեւորն այն է, թե նրա ցանկությունը, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, որքանո՞վ է համապատասխանում ռեալ հնարավորությունների հետ: Այսինքն, եթե Ալիեւն այս պահին ունի թվարկված բոլոր ցանկությունները, ընդհուպ՝ ողջ Հայաստանը գրավելը, դա նրա տեսանկյունից իրատեսակա՞ն է:
Ուրեմն, ո՞րն է Հեյդարովիչի ցանկությունների եւ հնարավորությունների վերջակետը, հանուն որի նա պատրաստ է նոր պատերազմի: Այդ հարցի պատասխանն է, որ, կրկնում ենք, ներհայաստանյան հարթակում այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չի տրվում: Իսկ դա հարց է առաջ բերում՝ իսկ ո՞վ է ասել, որ Ալիեւն արդեն այդ վերջակետին չի հասել: Կամ մոտ է դրան, որ մասշտաբային պատերազմն անիմաստ է, եւ մնացածին փորձում է հասնել քարոզչական ճնշումների միջոցով: Քանի դեռ Հայաստանում Նիկոլ կա, որը Հայաստանը իր միակ ռեալ դաշնակցից հեռացնելու եւ Արեւմուտք խաղալու կուրսի մեջ է, ինչը ճնշումների միջոցով նոր տարածքներ պոկելու հնարավորություն է տալիս:
Ուրեմն, Ալիեւը պատրա՞ստ է գնալ մասշտաբային պատերազմի: Եթե ընդունենք, որ նիկոլյան խունտան իրոք հավատում է այդ սցենարին, ապա պետք է հիշատակված պարզ հարցի պատասխանը տալ՝ այդ դեպքում ո՞րն է Արեւմուտք խաղալու իմաստը, իրոք հավատո՞ւմ են, որ փրկությունն այնտեղ է, թե՞ դրանով շարունակում են դիտավորյալ թուլացնել Հայաստանի դիրքերը: Մեկ պատահական օրինակ. օրերս ֆրանսիական Le Figaro-ն մեջբերեց Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնի խոսքը՝ կապված Հարավային Կովկասի երկրների նկատմամբ ԵՄ բարձրագույն մարմնի՝ Եվրահանձնաժողովի քաղաքականության հետ. «Եվրոպայի երկակի դիսկուրսը լրացնում է հայկական ողբերգությունը։ Եվրահանձնաժողովը ցանկանում է մի փոքր լաց լինել Երեւանի հետ, բայց շարունակում է մեծ ծավալներով առեւտուր անել Բաքվի հետ՝ չհամաձայնվելով, որ մեկի հետ պայմանագիր կնքելը` մյուսի մահապատիժն է»: Եթե արդեն անգամ Ֆրանսիայում են պարզ հասկանում, որ հայաստանյան իշխանությունների ներկա արեւմտամոլական կուրսը Հայաստանին պահում է կարթը կուլ տված ձկան կարգավիճակում, դա նիկոլյան իշխանությունները չե՞ն հասկանում, որ հերթական անգամ վազում են Բրյուսել:
Այս տարօրինակ իրավիճակը Միրզոյան Արոն բացատրում է այսպես. «Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը (ԵՄ) հիմնական գործընկերներն են։ Մենք նաեւ տեսանք, որ ԵՄ-ն պատրաստ էր քաղաքացիական առաքելություն ուղարկել, եւ սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավվեց: Նրանց ներկայությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի եւ Հայաստանի մի մասի խաղաղությանը։ Ռուսաստանը խաղաղապահներ էր ուղարկել 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության վերահսկման համար, սակայն մենք ականատես եղանք բազմաթիվ հարձակումների Հայաստանի սահմանի վրա»: Բայց եթե եվրադիտորդների ներկայությունը «սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավել» է, էլ ինչո՞ւ է Նիկոլը խոսում նոր պատերազմից՝ գրեթե անխուսափելիության երանգներով:
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է՝ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ
Թե իրականում ինչու է դեռ այս լարվածությունը շարունակվում, երբ ինչպես պաշտոնական Երեւանը, այնպես էլ Բաքուն միաժամանակ խոսում են «խաղաղության պայմանագրի» առաջընթացից, կարելի է տեսնել նաեւ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի վերջին հայտարարությունից. «Ադրբեջանի մոտեցումն այն է, որ խաղաղությունը պետք է լինի Բաքվի եւ Երեւանի միջեւ, քանի որ այս տարածաշրջանը պատկանում է մեզ: Խաղաղությունը Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չէ»:
Նույն թեզն է, որը դեռ անցած տարի հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայացած Պուտին Ալիեւ հանդիպումից առաջ ներկայացրել էր Հեյդարովիչը. «Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը»: Դրանով նա մերժել էր արեւմտյան միջնորդությունը հայ-ադրբեջանական թեմայով՝ որպես այլընտրանք առաջարկելով. «Եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի հայկական կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ ուղիղ բանակցությունները»: Նիկոլն էլ, հիշեցնենք, սրան զուգահեռ մեկնել էր Գրանադա ու մինչ այսօր էլ մնում է «խաղաղության համաձայնագիրը» միայն արեւմտյան միջնորդությամբ կնքելու դաշտում, թե ինչու, հասկանում են բոլորը:
Այս ամիսներին եղան մի շարք փորձեր՝ Ալիեւին արեւմտյան դաշտ տանելու ուղղությամբ: Սակայն Հաջիեւի հիշատակած հայտարարությունը եկավ եւս մեկ անգամ հաստատելու, որ այդ փորձերը որեւէ կերպ Բաքվի վրա չեն ազդել:
Թե ինչու Նիկոլը չի գնում ռուսական բանակցային հարթակ, դա էլ նոր բան չէ. Արեւմուտքն արգելել է: Պատճառն էլ է վաղուց հասկանալի. Բրիտանիայի, ավելի կոնկրետ՝ անգլոսաքսոնական համակարգի համար խոշոր պարտություն կլիներ, եթե ռուսները վերականգնեին Մեղրիի գծի նկատմամբ աշխարհաքաղաքական վերահսկողությունը: Իսկ Նիկոլին մնում է շարունակել դա հրամցնել «Հայաստանի ինքնիշխանության կորուստ» բացատրության տակ:
Այսինքն, հանուն բրիտանական շահերի, հիմա էլ սահմանները, այդ թվում՝ Տավուշի հայտնի գոտին է հայտնվել հարվածի տակ, եւ այդ գործընթացը կշարունակվի: Մինչդեռ կարո՞ղ է ՀՀ ԱԳՆ-ն հերքել, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ համաձայնագրերի շրջանակներում ստեղծված կոմունիկացիոն-սահմանազատման խմբի պայմանավորվածությունների մեջ դեռ էն գլխից չէր ֆիքսված սահմանազատումը տարածքների փոխանակման սխեմայով իրականացնելու տարբերակը՝ այս կամ այն կողմի համար կոմունիկացիոն խնդիրներ չստեղծելու իմաստով:
Ու այսքանից հետո ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ ոմն Տիգրան Բալայանը քարոզում է՝ Ալիեւի ռեժիմը եւ նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա՝ փորձելով խափանել հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Լո՞ւրջ, իսկ եթե մինչ այդ հանդիպումը հարձակում չեղավ, սույն Բալայանը պատրա՞ստ է հրաժարական տալ` որպես դիտավորյալ ապատեղեկատվություն տարածող:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Իրականում այն քարոզները, թե Բլինքենի եւ Ուրսուլայի հետ Նիկոլի հնարավոր հանդիպումը սարսափեցրել է Բաքվին, նիկոլյան թիմի նոր հեքիաթներից է: Փորձում են դրանով համոզել, թե, տեսեք, ինչ կարեւոր հանդիպում է, որ Բաքվում այդ վիճակի են հասել: Բայց որեւէ հոդաբաշխ բացատրություն չկա, թե այդ ի՞նչ արտասովոր բան են Նիկոլին առաջարկելու, որն այդքան կսարսափեցներ Ալիեւին: Իրականում այս պահին Արեւմուտքը Նիկոլին անգամ հստակ պահանջներ չի կարող ներկայացնել: Ինչ ասել են, նա անում է, եւ Արեւմուտքի խնդիրն այս պահին Ալիեւի հետ է, ով, կրկնենք, հերթական անգամ փաստեց, որ այլ դիրքերում է: Իսկ Նիկոլի այս բրյուսելյան այցը խնդիր է նրանով, որ այդպիսով նա էլ իր հերթին է ֆիքսում, որ իր համար առաջնային է մնում արեւմտյան հարթակը: Արդյունքում, «խաղաղության պայմանագիր» կոչվածը շարունակում է հետաձգվել, եւ տեսականորեն, դա կարող է Ալիեւի համար պատերազմ սկսելու դրդող գործոն լինել:
Միայն թե դա, խոշոր հաշվով, Ռուսաստանի համար նշանակում է երկրորդ ճակատ: Իրանի համար՝ իր դեմ հարձակման հնարավոր պլացդարմի ստեղծում: Այսինքն, ինչպես Մոսկվան, այնպես էլ Թեհրանն իր համար թշնամանքին հավասար քայլ կհամարեն նման մասշտաբային պատերազմը՝ ռեալ հետեւանքներով հանդերձ: Այ, հենց դա է այն տեսլականը, թե Ալիեւը, ցանկանալով հանդերձ, կարո՞ղ է. եթե հաշվարկել է Մոսկվայի եւ Թեհրանի հետ թշնամության հեռանկարը, համարում է, որ կարող է դրա «տակից դուրս գալ», պատերազմն էլ կդառնա միանգամայն ռեալ: Եթե ոչ, միգուցե մանր հարձակումներ հնարավոր են, բայց ոչ ավելին: