ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱյն, ինչ կատարվեց Սուրբ Հարության տոնին, փշաքաղվելու չափ զարմանալի էր, եթե չասենք` սարսափելի: Օրվա իշխանությունը սուրբ օրը դարձրեց հերթական հուդայական «ռիտուալի» առիթ: Նախ` տոնին ընդառաջ Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ծառերի համատարած գլխատումից հետո` ո՛չ ավել, ո՛չ պակաս Երեւանի կենտրոնում տնկել տվեց հուդայածառեր: Թերեւս տեղին է նշել «Ազգային գվարդիայի» հիմնադիր Արշակ Զաքարյանի զգուշացումը հանրությանը. «Ստվարախիտ ու հաստաբուն ծառերը ազդում են կասետային ու բեկորային այլ զինատեսակների էֆեկտիվության վրա եւ քաղաքներում դրանց օգտագործման ժամանակ նվազեցնում դրանց պատճառած վնասի չափը։ Թշնամին գիտի` ինչ է անում…»:
Հուդայական «ռիտուալից» անմասն չմնաց նաեւ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Իսրայել Օրու, Պապ թագավորի եւ այլոց հետ իրեն համեմատելուց հետո` հիմա էլ նա համեմատական է անցկացնում իր եւ Հիսուս Քրիստոսի միջեւ: Օրերս Արտաշատում ՔՊ-ականների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կա Հիսուս Քրիստոսի հոգեւոր եւ կրոնական ընկալումը, բայց ինձ համար պակաս կարեւոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետեւ ինձ համար Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծու որդի է, այլեւ առաջնորդի իդեալական կերպար եւ, իմ ընկալմամբ, նաեւ երբեւէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով: Ես երբեմն այս բանաձեւն ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության հետ եւ մեր կուսակցության հետ»: Ինչ խոսք, զարմանալու առիթ չէր լինի, եթե այս հայտարարությունն արվեր հոգեբուժարանի 6-րդ պալատից, այլ ոչ թե կառավարության ղեկին նստած անձի կողմից:
Մեզ մնում է մխիթարվել նրանով, որ 6-րդ պալատի մշտաբնակներից, կարծես թե, միայն մեր երկրում չէ, որ դուրս են գրվել: Ուկրաինայի էներգետիկայի նախարար ԳԵՐՄԱՆ ԳԱԼՈՒՇԵՆԿՈՆ երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված վերջին երկու հարվածներից հետո գրառում է կատարել եւ «դուխով» հայտարարել. «Ուկրաինացինե՛ր, լուսավորությունը մեր մեջ է»: Իհարկե, ծիծաղելի կլիներ այս ամենը, եթե այդքան ողբերգական չլիներ, բայց հայ ժողովրդի տառապանքն էլ ոչ պակաս փորձ ունի: Այսօր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որը ժամանակին մշակույթի նախարար էր, ասում էր. «Մշակույթն իմ մեջ է», որից հետո` առանց ռումբերի կիրառման առ այսօր քանդում են հայրենի մշակույթը:
Ասացինք Ուկրաինա, հիշեցինք այնտեղ ժամանակին դասախոսություններ կարդացող ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ: «Միասին» շարժումը դիմել է խորհրդարանական երեք խմբակցություններին` կոչ անելով անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: Իսկ թե այդ դեպքում ո՞վ է իրենց վարչապետի թեկնածուն, «Միասին»–ականներն ակնարկում են Բագրատյանին: Այն Բագրատյանին, որի մասին լավագույնս արտահայտվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, «Գոյ» թատրոնի հիմնադիր, լուսահոգի Արմեն Մազմանյանը. «Չի կարելի այդքան ցինիկ լինել, քաղաքական սլենգով ասած` քաղաքական մուտիլովշիկություն է ասել, որ իր վարչապետ եղած ժամանակ ամեն ինչ լավ էր` մոռանալով, որ նա դարձել էր մեր երկրի դիետոլոգը, որ ասում էր` 2 ձու մի կերեք, մեկը կերեք, որ հերիքի… Հիմա էլ ուզում է ազգի փրկիչ դառնա՞լ, եկել «փրկել» եք մի անգամ արդեն, գոհ ենք…»: Հազար օղորմի Մազմանյանին, քաղցր խոսքին` էլ ի՞նչ շաքար: