«Արցախյան «սցենարը» կարծես թե շարունակվում է». ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի», որն այժ վերանվանվել է «Վահրամ Փափազյանի անվան արցախյան թատերարվեստի պահպանման և զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության» տնօրեն ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
- Պարոն Հարությունյան, արցախյան թատրոնի հետ կապված, ի՞նչ եք ձեռնարկել:
- Փորձում ենք վերականգնել թատրոնը: Փաստաթղթային առումով վերագրանցվել ենք: Որպես թատրոն` արդեն գոյություն ունենք, ուղղակի չունենք տարածք, չունենք ֆինանսավորում:
-Այսինքն` թատրոնն օգնության կարի՞ք ունի:
- Մեզ պետք է, որ աշխատելու հնարավորություն տան, բայց հանդիպում ենք խոչընդոտների:
- Ամեն ինչ կորցրած` եկել եք ու հանդիպել սառն անտարբերությա՞ն:
- Ցավալի է, բայց, այո: Եվ ամենաահավորն այն է, որ Ադրբեջանի կազմում մեր հայկական թատրոնը ստեղծել են, բայց Հայաստանն այդ թատրոնը փակում է: Եվ ոչ միայն մեր թատրոնը` Արցախում ինչքան մշակութային կենտրոն ունեինք, բոլորը փակել են: Հիմա մեր հույսը միայն մենք ենք, որ մարդ գտնենք, բայց մարդիկ էլ վախենում են մեզ աջակցել:
- Փաստորեն, հասել ենք այն օրվան, որ հայը վախենում է օգնել հայի՞ն:
- Չե՞ք տեսնում` ինչ է կատարվում: Դիրքապահին դիրքը պաշտպանելու համար դատի են տալիս: Այնպես որ, զարմանալի չէ, որ չեն աջակցում մեզ: Նրանք վախենում են դա անել: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև շատ կազմակերպություններ, որոնք օգնություն են ցուցաբերում բռնի տեղահանված արցախցիներին: Բայց նրանք անհատներ են: Պետական ստատուս ունեցող կազմակերպություն չեն: Պետական աջակցությունը միայն հիսուն հազար դրամ օգնությունն է, որ տալիս են:
- Ո՞նց եք կարողանում վճարել տան վարձը:
- Այս պահին պետությունից ստացած հիսուն հազարներով ենք տան վարձը վճարում:
- Օրվա հացի խնդիրն ինչպե՞ս եք հոգում:
- Շատ դժվարությամբ: Ահավոր վիճակ է: Շատերը տեսնելով, որ անհնարին է այստեղ մնալը, Հայաստանից գնում են:
- Աշխատատեղով չե՞ն ապահովում:
- Աշխատանքով ապահովելու համար կա պետական ծրագիր: Որքանով տեղյակ եմ, մոտ 260 հոգու այդ պետական ծրագրերով տեղավորել են աշխատանքի` մասնավոր սեկտորում: Պետական աշխատանքի չեն ընդունում մինչև ՀՀ քաղաքացիություն չընդունենք: Չգիտեմ թե որքանով է հավաստի, բայց ըստ Սոցապ նախարարության վիճակագրության, մոտ տաս հազար արցախցու մասնավոր սեկտորում աշխատատեղերով ապահովել են:
- Կոնկրետ Ձեր ծանոթների շրջապատում կա՞ն աշխատանքով ապահովված մարդիկ:
- Մեկը ես եմ, աշխատանքի խնդրանքով որտեղ դիմել եմ, նույնիսկ հարցազրույցի չեն կանչում: Սրանից բացի, կա նաև ուրիշ իրականություն, գործատուն եթե խղճով մարդ է, նայում է քո գիտելիքներին, ունակություններին և ընդունում է աշխատանքի:
- Հայաստանցի-արցախցի տարաձայնությունները շա՞տ են:
- Իհարկե, նույնիսկ տաքսի եմ կանչել, վարորդն ասում է` ղարաբաղցի ես, չեմ սպասարկում:
- Մի՞թե դա իրական դեպք է:
- Այո, դա իրական դեպք է և ինձ հետ մի անգամ պատահել է, բայց չեմ կարող ասել, որ բոլոր վարորդները վատն են: Վարորդ կա, երբ իմանում է, որ արցախցի եմ, գումար չի ուզում վերցնել: Եվ հետո սա հասարակության խնդիրն է, ոչ թե կոնկրետ վարորդինը:
- Կպատմե՞ք` ինչպես պատահեց, երբ վարորդն իմացավ` արցախցի եք, չսպասարկեց:
- Երևանում ընտանիքիս հետ տաքսի էի նստել, հեռախոսս զանգեց, մեր բարբառով պատասխանեցի: Վարորդը հարցրեց` ղարաբաղցի՞ ես: Ասացի` այո: Ասաց` ավտոմեքենայիցս դուրս եկեք, ես ղարաբաղցիներին չեմ սպասարկում: Չգիտես ինչի գլուխը մտցրել են, որ Հայաստանի պրոբլեմներն Արցախից են գալիս: Իրենց համար այս ամենի մեղավորն արցախցին է: Կամ ասում են` արցախցիները եկել են, տները թանկացել են: Մենք մեղք ունե՞նք, որ տները թանկացրել են: Իրենք թանկացնում են, մեղադրում են մեզ: Թանկացնողներն էլ են իրենք, գումար վերցնողներն էլ են իրենք, ո՞նց կարող ենք մենք մեղավոր լինել: Չնայած` բոլորը չեն այդպիսին: Կան նաև մարդիկ, որոնք իսկապես ցավում են մեր վիճակի, օրեցօր փոքրացող հայրենիքի համար: Բայց, ցավոք սրտի, հասարակության մեծամասնությունը վատ է տրամադրված արցախցիների նկատմամբ:
- Ասում էին` Արցախը տանք, հանգիստ ապրենք: Արցախը հանձնվեց թշնամուն, լա՞վ ապրեցինք:
- Հիմա մի քիչ վեկտորը փոխել են` Տավուշի պահով են ասում: Արցախյան «սցենարը» կարծես թե շարունակվում է...
- Երբ տեսնում եք, որ այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում, ի՞նչ եք կանխատեսում:
- Հայաստանը գնում է կործանման: Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կկիսի մեր ճակատագիրը` կմնան անտուն, անհայրենիք:
- Միգուցե մի հրաշք լինի՞:
- Հրաշքների չեմ հավատում: Ես ռեալիստ եմ և իմ մեջ անընդհատ վերլուծում եմ այն, ինչ տեսնում եմ: Դատարկ ու գեղեցիկ խոսակցություններն ինձ հետաքրքիր չեն: Ինձ հետաքրքիր է` գեղեցիկ խոսելուց հետո, թե ինչ է տեղի ունենում: Եթե անընդհատ Հայաստանի քաղաքացիներին ասում է` պետք է Արցախը տանք, որ պատերազմ չլինի, տալիս է, բայց նորից պատերազմի վտանգը կա, մեկ էլ ասում է` Տավուշը պետք է տանք, որ պատերազմ չլինի, ինքներդ մտածեք, թե սա ուր է տանում: Մարդիկ չե՞ն տեսնում, որ Տավուշից հետո էլ մի ուրիշ տարածք կտա: Չե՞ն հասկանում, թե՞ սպասում են, որ թշնամին իրենց դռանը հասնի, նոր հասկանան: Եթե մարդն իր կամքով ուզում է ոչնչանա, ի՞նչ կարող ես անել: Մի այսպիսի խոսք կա. «Եթե հիվանդը չի ուզում բժշկվի, բժշկությունն անզոր է»: Եթե մարդիկ գիտակցաբար, թե անգիտակցաբար, զոմբիացված ինքնաոչնչացման են գնում, ոչինչ չես կարող անել: Կամ ասում են` ավելի լավ է թուրքը գա, քան նախկինները: Դա հայի ասած խո՞սք է: Ո՞նց կարող է հայը տեսախցիկի առջև նման բան ասել:
- Շատ են խոսում նախկինների թալանի մասին և չեն ներում դա: Միգուցե դա՞ է պատճառը:
- Տեսե՞լ եք, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ վիճակով է հանձնել Հայաստանը, և հետո ոնց զարգացավ: Ի՞նչն են թալանել, այդ քարուքանդ եղած երկի՞րը: Ես էլ կարող եմ շատ բան ասել, բայց հո ասելով չի: Կան երկրի զարգացման կոնկրետ թվեր, փաստեր:
- Թատրոնի հետ կապված` ի՞նչ ծրագրեր ունեք:
- Ապրիլին պատրաստվում ենք հյուրախաղերով մեկնել Լիբանան: Այնտեղ երկու ներկայացում ենք խաղալու: Դրանից բացի, փորձում եմ թատրոնի համար հովանավորներ գտնել, որ թատրոնն աշխատի, կարողանանք դերասաններին աշխատավարձով ապահովել: Եթե աշխատավարձի հարց լուծվի, մենք մնացած ծախսերն արդեն ինքնուրույն կանենք: Այսինքն` նոր բեմական զգեստների, դեկորների ծախսերը մենք արդեն կհոգանք մեր տոմսերի վաճառքի եկամուտից ստացած գումարի շնորհիվ:
- Փորձե՞լ եք դիմել ԿԳՄՍ նախարարություն:
- Այո, հենց եկել ենք Հայաստան, դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, որ մեր գործունեությունն այստեղ շարունակենք: Սկզբից խոստացան օգնել, հետո մենք հյուրախաղերով մեկնեցինք Ամերիկա, երբ հետ եկանք, ասացին, որ քաղաքական որոշում է Արցախի մշակութային և ոչ մշակութային բոլոր ՊՈԱԿ-ները պետք է փակվեն:
-ԿԳՄՍ նախարարությո՞ւնն է փակել:
-Չեն ասում, որ իրենք են փակել: Ասում են` Արցախի նախագահն է հրաման տվել: Նախագահին էլ հարցնում ենք, ասում է` դուք տեսե՞լ եք այդ հրամանը: Կամ եթե նախագահը հրաման է տվել, թող իրենք բացեն:
-Փաստորեն, մեկը մյուսի վրա՞ է գցում:
-Այո, արդյունքում տուժում է մեր մշակույթը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ