Ինչու Թրամփն աշխատանքից ազատեց հակաիրանական հայացքներով հայտնի Բոլթոնին (Բացահայտում)
Արխիվ 16-20![Ինչու Թրամփն աշխատանքից ազատեց հակաիրանական հայացքներով հայտնի Բոլթոնին (Բացահայտում)](/timthumb.php?src=disc/old16-20/93552.png&w=780)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնին: Ըստ ամերիկաբնակ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, որոշումը որքան էլ որ անակնկալ, սակայն հասկանալի է դառնում առաջիկա օրերին սպասվող մի շարք ավելի անակնկալ զարգացումների ֆոնին:
- Օրերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն՝ ԱԷՄԳ-ն հաստատել է ամիսներ առաջ Իսրայելի վարչապետի կողմից հարպարակված տեղեկատվությունն այն մասին, թե Իրանը գաղտնի կառույցներում միջուկային անթույլատրելի աշխատանքներ է իրականացրել: Նախօրեին նույն հարցով Իրան ուղեւորվեց ԱԷՄԳ-ի գերատեսչի պաշտոնակատարը: Ըստ որոշ կայքերի կողմից տարածված, սակայն առայժմ չհաստատված տեղեկության ԱԷՄԳ-ի գերատեսչի այցից հետո Իրանի բարձրաստիճան ղեկավարությունը երկրի առաջնորդի ներկայությամբ բարձր մակարդակի հանդիպում է կայացրել, որտեղ երկար քննարկումներից հետո ներկաները հանգել են այն եզրակացության, որ իրավիճակի առավել սրացումից խուսափելու համար պիտի դրական պատասխան տար Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը: Առաջարկին, ըստ երևույթին, իր համաձայնությունն է տվել նաև Իրանի առաջնորդը՝ միևնույն ժամանակ պահանջելով հանդիպման դիմաց հնարավորինս ավելի շատ դեվիդենտներ շահել: Հանդիպումն ամենայն հավանականությամբ կայանալու է առաջիկա երեքշաբթի սեպտեմբերի 17-ին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ տարեկան նստաշրջանի շրջանակներում: Ըստ երևույթին, Թրամփն իր վարչակազմից հեռացնելով հակաիրանական սուր հայացքներով հայտնի Ջոն Բոլթոնին փորձել է դրական հող նախապատրաստել սպասվող հանդիպման համար: