«Պարոն վարչապետ, այսօր այցելել եմ Տավուշի մարզ եւ ունեմ 3 հարց Ձեզ ուղղելու…». Մ. Խուրշուդյան
Արխիվ 16-20![«Պարոն վարչապետ, այսօր այցելել եմ Տավուշի մարզ եւ ունեմ 3 հարց Ձեզ ուղղելու…». Մ. Խուրշուդյան](/timthumb.php?src=disc/old16-20/92778.png&w=780)
«Եթե բարձրաձայնում եմ բոլորիս հուզող համահայկական կարեւորություն ունեցող հարցեր, ապա քաղաքականությունը ծալած ու մի անկյունում դրած ունեմ, որոշ փնթիներ թող իրենց էջերում ինչքան ուզում են բարբաջեն, բայց իրենց ոսկե կարծիքի արձանագրումը իմ տիրույթից հեռու հայտնեն. սա որպես նախաբան...», - այս մասին գրում է հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ եւ մանրամասնում. «Բաց նամակ» կոչվածն այնքան տարածված է դարձել, որ ուղղակի գրում եմ մտահոգություններս՝ հույսով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհասնի... Պարոն Վարչապետ, այսօր այցելել եմ Տավուշի մարզ եւ ունեմ 3 հարց Ձեզ ուղղելու, որոնք վստահ եմ, որ լուծելի են.
1. Ինչո՞ւ է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ ու կրակի տակ գտնվող գյուղերի շրջկենտրոն համարվող Իջեւան քաղաքում բենզինի գինը 10-20 դրամով թանկ այլ քաղաքներից։
2. Ինչո՞ւ ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի կենտրոնական/միջպետական մայրուղին (շուկայի հատվածն առավել եւս) ասֆալտը կարկատան ու խայտառակ վիճակում։
3. Ինչո՞ւ ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի շուկայի հատվածում չի ստեղծվում կանոնավոր ավտոկայանատեղի (որը մեծ ջանքեր ու ֆինանս չի պահանջում), շնորհիվ որի միջպետական ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցները կխուսափեն խցանումներից ու ավելորդ ժամանակի կորստից...
Չեմ դիմում տարածքի պատասխանատուներին, քանի որ թվարկածս միշտ նրանք տեսել եւ տեսնում են, բայց երեւի համարում են օրինաչափ ու որեւէ լուծում այդպես էլ չեն գտնում...»:
Որպես հետգրություն՝ Մ. Խուրշուդյանը հավելել է. «Վարչապետի վկաներն ու «ինձանից սրտացավ» արարածները չարձագանքեն՝ գրածս իսկապես որեւէ այլ ենթատեքստեր չունի...»: