ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՍՓՅՈՒՌՔԻՑ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՂԵՂԸ
Արխիվ 16-20![ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՍՓՅՈՒՌՔԻՑ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՂԵՂԸ](/timthumb.php?src=disc/old16-20/63266.png&w=780)
Հեղափոխական առաջին խոստումներից մեկն էլ այն էր, որ երկրում նոր իրողությունների ձեւավորումն այն ոգեւորությունն է առաջացրել Սփյուռքում, որ ինչպես ժամանակին Հայոց բանակից խուսափողները, այնպես էլ՝ զորակոչային որեւէ պարտավորություն չունեցողներն իրար հերթ չտալով, կշտապեն Հայաստան՝ Հայոց բանակում ծառայելու: Այսինքն, որ նաեւ Սփյուռքի հաշվին կունենանք մի այնպիսի բանակ, որից Ադրբեջանն էլ ավելի կսարսափի:
Ընթանում է ամառային զորակոչը: Որքանով է Սփյուռքից եկածների թվաքանակը համապատասխանում այդ կանխատեսումներին: Հարցի պատասխանի ակնկալիքով դիմել էինք Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել վիճակագրական տվյալներ, թե վերջին հինգ տարվա կտրվածքով որքա՞ն զինակոչիկ է արտերկրից եկել Հայաստան` ՀՀ զինված ուժերում ծառայություն իրականացնելու համար: Եվ ահա երեկ վերջապես ստացանք վերը նշված հարցի պատասխանը: Այսպես՝ ըստ ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանի.
- ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր հարցման առնչությամբ հայտնում եմ, որ 2014-2018թթ. զորակոչերի ժամանակ սահմանված ժամկետներում զինվորական հաշվառում չանցած, ինչպես նաեւ նախկինում զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներից զինվորական կոմիսարիատներ են ներկայացել.
1. 2014թ.` 1049 քաղաքացի, որոնցից 498-ը` զինվորական հաշվառում չանցածներ, իսկ 551-ը` նախկին զորակոչերից խուսափածներ (ամառային զորակոչ` 586, ձմեռային զորակոչ` 463),
2. 2015թ.` 1059 քաղաքացի, որոնցից 548-ը` զինվորական հաշվառում չանցածներ, իսկ 511-ը` նախկին զորակոչերից խուսափածներ (ամառային զորակոչ` 554, ձմեռային զորակոչ` 505),
3. 2016թ.` 953 քաղաքացի, որոնցից 487-ը` զինվորական հաշվառում չանցածներ, իսկ 466-ը` նախկին զորակոչերից խուսափածներ (ամառային զորակոչ` 480, ձմեռային զորակոչ` 473),
4. 2017թ.` 1081 քաղաքացի, որոնցից 647-ը՝ զինվորական հաշվառում չանցածներ, իսկ 434-ը` նախկին զորակոչերից խուսափածներ (ամառային զորակոչ` 563, ձմեռային զորակոչ` 518),
5. 2018թ. ամառային զորակոչ (հուլիսի 24-ի դրությամբ)` 481 քաղաքացի, որոնցից 271-ը` զինվորական հաշվառում չանցածներ, իսկ 210-ը` նախկին զորակոչերից խուսափածներ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հաշվառման բազայում համապատասխան հաշվառում չվարելու պատճառով հնարավոր չէ նշել, թե նշված թվաքանակից քանիսն են արտերկրից վերադարձել: (Տե՛ս նաեւ աղյուսակը- հեղ.):
Նկատենք. եթե մինչ այս զորակոչի ներկայանում էր 1000-ից ավել զինհաշվառում չանցածներ եւ նախկին զորակոչից խուսափածներ (որ դրանք հիմնականում դրսից եկածներն են, դժվար չէ կռահել), ապա այս տարի, թեեւ զորակոչը դեռ ընթացքի մեջ է, այդ ցուցանիշը կիսով չափ պակասել է: Մի 500 նման զինակոչիկ մինչ զորակոչի վերջը կգա՞, մեծ հարց է ու նաեւ՝ կասկածելի: Բայց եթե անգամ գան, կստացվի, որ նախորդ տարիների դինամիկան ոչնչով չի փոխվել, այսինքն՝ դրսից Հայաստանում ծառայել ցանկացողների հեղեղ այդպես էլ չկա: Իսկ եթե չգան, կնշանակի, որ հեղափոխական Հայաստանում ծառայել ցանկացողների թիվը մի բան էլ պակասել է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ