ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով
Միջազգային![ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով](/timthumb.php?src=disc/21-06-24/d7b9a238886a59e5085f3fc21f793954.jpg&w=780)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց առկա հարցերի ողջ շրջանակի շուրջ, ներառյալ Ուկրաինայի հակամարտությունը և դրանում Վաշինգտոնի ներգրավվածությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ուստի մենք բաց ենք երկխոսության համար, բայց` ընդարձակ, համալիր երկխոսության, որն ընդգրկում է բոլոր հարթությունները, այդ թվում՝ ներկայիս հարթությունը, որը կապված է Ուկրաինայի շուրջ հակամարտության հետ, կապված է այս հակամարտությունում ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածության հետ և այլն», - հավելել է նա:
Ըստ ՌԴ նախագահի խոսնակի՝ երկխոսությունն, ընդհանուր առմամբ, չափազանց պահանջված է, այն «անհրաժեշտ է, քանի որ կուտակվում են խնդիրներ, և կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված անվտանգության գլոբալ ճարտարապետության հետ»։
Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի այն հայտարարությունները, թե Վաշինգտոնը բաց է Մոսկվայի հետ միջուկային ռիսկերի և սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ բանակցությունների համար՝ առանց դա ուկրաինական օրակարգի հետ կապելու։