Եթե անգամ հաջողեն կոտրել ժողովրդին, Հայոց եկեղեցու գմբեթներն ու խաչերը մնալու են իրենց կոկորդին. Մարջան Ավետիսյան
Մշակութային![Եթե անգամ հաջողեն կոտրել ժողովրդին, Հայոց եկեղեցու գմբեթներն ու խաչերը մնալու են իրենց կոկորդին. Մարջան Ավետիսյան](/timthumb.php?src=disc/14-06-24/edeeb1fc37ce69d3fcc7fa7c036b2ba8.jpg&w=780)
Այժմյան ներքաղաքական ընդվզումների հորձանուտում թվով քիչ արվեստագետներ են փորձում իրենց հստակ դիրքորոշումը հայտնել եւ զուգահեռ` գործել։ Այդ անձանցից է դերասանուհի ՄԱՐՋԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ում հետ «Իրավունք»-ը զրուցել է ներկայիս իրավիճակի, ինչպես նաեւ միասին հասկանալ, թե ինչով է պայմանավորված շատ մշակութային գործիչների անհասկանալի լռությունը։
«ԸՆԴԱՄԵՆՆ ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳ ԵՄ ԶԳՈՒՄ»
— Լինելով այսչափ հայրենասեր եւ պայքարող տեսակ` այս օրհասական շրջանում Դուք Հայաստանում չեք։ Ինչպե՞ս եք կարողանում զսպել Ձեր ապրումները, երբ տեսնում եք, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում եւ, առհասարակ՝ մեր երկրում:
— Մեր օրերում հայրենասիրություն բառն այնքան է չարչրկվել, ձեւախեղվել իր դրսեւորման ու արտահայտման ձեւերի մեջ, որ իր ուղիղ իմաստով անընկալելի է մարդու համար: Ուստի` թող լինի, ես ընդամենն էքզիստենցիալ վտանգ եմ զգում` մեզ հարեւան իբր բարեկամներից: Ապրումներս չեմ զսպում, հավատի ու հույսի շնորհիվ փորձում եմ պահել հավասարակշռությունս:
— Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված մեր ազգաբնակչության մեծամասնության անտարբերությունը։
— Մենք գտնվում ենք մեր ժողովրդի համար վտանգավոր հանգրվանում, որտեղ արտաքին եւ ներքին ազդակների շնորհիվ թմրեցրել են անգամ ինքնապահպանության բնազդը: Մեզ ուզում են զրկել էթնիկ պատկանելիությունից` դարձնելով հանրույթ, որը հեղինակությունների կարիք չի ունենա: Մեզ ավելի քան երբեւէ անհրաժեշտ են այդ հեղինակությունները, որոնք կառաջարկեն համակեցության նոր համախմբող կանոններ, հայրենիքն իր էության ու բովանդակության մեջ ճանաչելու ու ընկալելու մեթոդներ։ Արժեքների պահպանությունը պատասխանատվություն է ենթադրում, պատասխանատվությունը` ծառայություն:
«ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ»
— Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս մշակութային իրավիճակը, երբ մշակույթի ոլորտը համակարգող ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյում է սարկավագի ականջին, իսկ հոգեւորականի զգեստը համարում՝ «դերյա»:
— Այս ամենն ուղղելու պատասխանատվությունը հայ հանրության ուսերին է՝ արթնանալու է, պաշտպանելու է իր հավատալիքները, իսկ այդ կեղծ խմբավարը վաղը հինգհոգանոց համախոհների խումբ չի գտնելու Հայաստանում:
— Այսօր փորձում են վերացնել շատ գաղափարներ, անգամ անարգում են եկեղեցուն եւ կաթողիկոսին։ Սա հատուկ ծրագի՞ր է, որն իրագործում է ներկայիս իշխանությունը, թե՞ այսպիսի «համոզմունքներով» մարդիկ միշտ են մեր կողքին ապրել:
— Վստահ եմ, որ ծրագիր է, կան նման մարդիկ, որոնց ձեռքերով էլ փորձում են իրագործել: Եթե անգամ հաջողեն պառակտել ու կոտրել ժողովրդին, Հայոց եկեղեցու գմբեթներն ու խաչերը մնալու են իրենց կոկորդին, հազարամյա հավատալիքները կոտրել չեն կարող:
— Շատ մշակութային գործիչներ անգիր արած տեքստ են կրկնում, թե՝ քաղաքականությամբ չեն զբաղվում: Եվ որքան էլ ցավալի է, այսօր մշակույթի մասին խոսելու փոխարեն՝ գոյապահպանական հարցեր ենք քննարկում…
— Չենք կարող մեղադրել ձկանը` ծառ չբարձրանալու համար, չէ՞։
«ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՉԱՐԻ ԽԱՓԱՆՈՒՄԸ»
— Այնուհանդերձ, ինչպե՞ս եք տեսնում այս քաղաքական իրավիճակի հանգուցալուծումը։
— Հանգուցալուծումը լինելու է չարի խափանումը։ Մեծ հավատով եմ վերաբերվում:
— Հավատում եք, որ բարին վերջապես կհաղթի՞ չարին, թե՞ դա միայն հեքիաթներում է լինում:
— Տիեզերական ճշմարտությունների եմ հավատում: Հավատում եմ, որ մեր գոյությունն այնքան կարեւոր է այդ ճշմարտությունների ցանկում, որ մեր չգոյությամբ ինչ-որ կարեւոր բան կխախտվի տիեզերքում :
— Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան։
— Անխախտ սահմաններով ու ինձ Հայաստան բերող ինքնաթիռների հասցեն անփոփոխ` այսօր, վաղը ու հավերժ...
— Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք Դուք ապագայում` նոր ֆիլ, ներկայացում, սպասե՞նք:
— Ապագայում արժանապատիվ գոյության ծրագիրն է, որից և կբխեն անելիքներս:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ