Երեւանում եւ Փարիզում բողոքի ակցիաներ տեղի կունենան՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի
ՏեսանյութերՇուրջ մեկ ամիս «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական անկախ լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻՆ, ում մուտքը Հայաստան արգելվել է, երեկ այցելել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Սակայն, նա հրաժարվել է զրուցել նրանց հետ:
«Ինձ ՄԻՊ-ի աշխատող, տեղակալ պետք չէ: Եթե, իրոք, կա Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, թող նա գա», - «Իրավունք»-ի հետ զրույցում վերստին պնդեց Լ. Նիկոլյանը:
Ի դեպ, ի աջակցություն Լեո Նիկոլյանի՝ ազգությամբ ֆրանսիացիները պատրաստվում են այսօր բողոքի ակցիա իրականացնել: Եվ թեպետ ի սկզբանե հայտարարվել էր, որ այն տեղի կունենա Փարիզում՝ ՀՀ դեսպանատան առջեւ, սակայն այս օրերին դեսպանատների դիմաց ակցիաներ անցկացնելու արգելքով պայմանավորված՝ ակցիան տեղի կունենա մայրաքաղաքի հրապարակներից մեկում:
«Իսկ հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա մայիսի 28-ին, նախատեսվում է նույնպիսի բողոքի ակցիաներ՝ Ֆրանսիայի Սենատի եւ ՀՀ Ազգային ժողովի դիմաց՝ զուգահեռաբար», - ընդգծեց Լ. Նիկոլյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ