«Կամք»-ականներն ազատության մեջ
ՏեսանյութերՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահելու վայրից այսօր ազատ արձակվեցին Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամներ Մինաս Նովշադյանը, Սերգեյ Ամիրխանյանը, Տարոն Դավթյանը եւ Միքայել Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իրավունք»-ը գրել էր, որ Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը նույնպես ազատության մեջ է: Փաստաբան Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այսօր դատարանը քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարել՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոց՝ երկու ամսյա տնային կալանք: Որոշումը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Նշենք, որ Վ. Չախալյանը եւ չորս «Կամք»-ականները ձերբակալվել էին ՀՀ Կառավարության շենքի մոտ մայիսի 16-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վալերի Մանուչարյանը սադրանք էր հրահրել ընդդեմ «Կամք»-ականների, ինչը փաստում են լրատվամիջոցներում առկա տեսանյութերը: Արդյունքում բերման էին ենթարկվել Վահագն Չախալյանը, ինչպես նաեւ Սերգեյ Ամիրխանյանը, Մինաս Նովշադյանը, Տարոն Դավթյանը, Միքայել Հովհաննիսյանը: Վ. Չախալյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ մյուս «Կամք»-ականները ձերբակալվել էին 72 ժամով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ