Նոր Արեշի պայթյունի առեղծվածը
Ներքաղաքական![Նոր Արեշի պայթյունի առեղծվածը](/timthumb.php?src=disc/07-02-24/4640a4d00977c36f1ca74c1c211071ca.jpg&w=780)
Նոր Արեշ 27 եւ 34 հասցեներում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2–րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեւավորվել է քննչական խումբ։ Կան վիրավորներ եւ զոհեր:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հարցաքննվել են դեպքին առնչություն ունեցող եւ հարեւանութամբ բնակվող տների բնակիչները, ստացվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության: Նախաքննությամբ նախնական, դեռեւս ստուգման ենթակա տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի եւ բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետեւանքով: Սակայն, Նոր Արեշում այլ խոսակցություններ են շրջանառվում:
Կան տեսակետներ, որ Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչը միտումնավոր է պայթյունն իրականացրել, քանի որ ունի հոգեկան անհավասարակշռություն: Ավելին` դեպքից մեկ օր առաջ նա սպառնալիքներ է հնչեցրել, նույնիսկ շտապօգնություն են կանչել, բայց նրան չեն տարել: Թե ինչ է արձանագրել շտապօգնությունը` տեսնելով քաղաքացու ագրեսիվ պահվածքը, համենայնդեպս, պաշտոնական տեղեկատվություն այս մասով չկա: Միայն կան պնդումներ, թե նույն այս քաղաքացին պարզապես վերցրել եւ կտրել է գազի ռեզինե խողովակները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ