Անձնագրայինի հերթերը «ռայոններում հասնում են մինչեւ Բաթումի»
ՀասարակությունԴեռեւս նախորդ տարվա վերջին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրեց, որ Անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային ու վիզաների եւ օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժիններում կգործի էլեկտրոնային հերթագրման համակարգ: Պարզվում է՝ երեւանյան մասնաճյուղերը հիմա միայն այդ համակարգով են սպասարկում քաղաքացիներին, սակայն, ինչպես մնացյալ ոլորտներում, այնպես էլ այստեղ, ինչպես ռուսը կասեր. «Хотели как лучше, а получилось как всегда»:
Խնդիրն այն է, որ օգոստոս ամսին անձնագրայինում էլեկտրոնային տարբերակով հերթագրվելով՝ քաղաքացու հերթը կարող է հասնել առնվազն մեկ ամսից: Իհարկե, պարզ է, որ այս շոգ-կրակին, որ անձը դիմել է Անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային ու վիզաների եւ օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժին, նշանակում է, որ կա՛մ հանգստի էր պատրաստվում մեկնել, կա՛մ հրատապ հարց կա, ու հաստատ չէր կարող սպասել մեկ ամիս: Եվ այստեղ քաղաքացուն հուշում են, որ եթե շտապ է, ապա… Չէ, ո՛չ կաշառք են ուզում, ո՛չ «բոմբոներկա», հիմա թեպետ բովանդակությունը մնացել է նույնը, բայց անունն է փոխվել, կարող է քաղաքացին օրինական մուծում անել եւ «գործն առաջ գցել»:
Իսկ ի՞նչ անել, եթե շտապ է, բայց փող չկա. այստեղ սկսում է իսկական կինոն: Քաղաքացին կարող է շրջաններում անձնագրայինի հետ կապված հարցերը լուծել, ինչն աներեւակայելի հերթերի պատճառ են դարձել: Եղվարդում, Էջմիածնում ու Աշտարակում վերջին անգամ 90-ականներին էին այդպիսի հերթեր տեսել՝ այն էլ ոչ թե Անձնագրային ու վիզաների եւ օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժիններում, այլ հացի ու նավթի համար:
Քաղաքացիները նույնիսկ կատակում են. «Անձնագրային պետք ա գնալ պլավկիով ու զագառնի կրեմով, որովհետեւ էլ վիզա խփելու կարիք չկա, հենա հերթը միանգամից հասնում ա Բաթումի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ