«ԾՆՈՂՆԵՐՈՎ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՎ ԳԱԼՈՒ ԵՆՔ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ»
Արխիվ 16-20«Իրավունքը» անդրադարձել էր դիմորդների եւ նրանց ծնողների դժգոհություններին, որ ցածր գնահատական ստացածներն ընդունվել են, իսկ բարձր գնահատականներ ստացած դիմորդներից շատերը փաստորեն դուրս են մնացել: Նախարարությունը այդպես էլ հստակ չի պարզաբանում, թե իրականում ինչ «հրաշքով է» նման իրավիճակ ստեղծվել: Եվ այն դեպքում, երբ նոր տարօրինակ փաստեր են սկսել ի հայտ գալ: Օրինակ, կան դիմորդներ, որոնց հայտնել են, թե՝ ընդունված են: Սակայն դեռ ուրախությունը չվայելած, նոր տեղեկություն են ստացել՝ դուրս եք մնացել: Այսինքն, հիմա էլ փորձում են բարձր միավորներ ստացածների պատկերը վերագնահատել, որը, սակայն, էլ ավելի է խառնում ընդունված-չընդունված պատկերը: Սակայն դիմորդներն էլ չեն պատրաստվում նախարարության ձեռքին «մատաղացու ոչխարի» կարգավիճակ ստանձնել: Շատերը, մասնավորապես՝ մարզերից, «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, պատրաստվում են բողոքի մեծ ակցիաների. «Սպասում ենք, որ կարող է ինչ-որ բան փոխվի, ու ԿԳՄՍ-ն փորձի հստակեցում մտցնել: Հակառակ դեպքում` ծնողներով, ուսուցիչներով գալու ենք բողոքի ակցիաների»,- վրդովված նկատեց Արագածոտնի մարզի մեր զրուցակիցը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ