Իրավապահ մարմնի կազմում քննչական և օպերատիվ հետախուզական գործառույթներ ունենալը կնպաստի հանցագործությունների քննության արդյունավետությանը. նախարար
Արխիվ 16-20![Իրավապահ մարմնի կազմում քննչական և օպերատիվ հետախուզական գործառույթներ ունենալը կնպաստի հանցագործությունների քննության արդյունավետությանը. նախարար](/timthumb.php?src=disc/old16-20/104014.png&w=780)
Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թթ. և դրանցից բխող գործողությունների ծրագրով նշել ենք, որ նպատակը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է։ Հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա նկատեց, որ առաջինը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որն արդեն ձևավորվել է և սկսում է իրականացնել կոռուպցիայի կանխարգելման դեմ իր քայլերը։ Նախարարի խոսքով՝ երկրորդը՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող իրավապահ մարմինն է, որը հակակոռուպցիոն կոմիտեն է, այնուհետև կոռուպցիոն հանցագործությունների քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դատախազության հատուկ ստորաբաժանումը և հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասով նշեմ, թե ինչ առանձնահատկություն ունի այս մարմնի ձևավորումը մյուս քննչական մարմինների նկատմամբ։ Այստեղ մեկտեղված են քննչական և օպերատիվ հետախուզական գործառույթները»,-նշեց նախարարը։
Ռուստամ Բադասյանի խոսքով իրավապահ մարմնի կազմում և՛ քննչական, և՛ օպերատիվ հետախուզական գործառույթներ ունենալը կնպաստի հանցագործությունների քննության արդյունավետությանը։ Նախարարն ընդգծեց, որ այս կարծիքը կիսում են նաև գործընկեր միջազգային կառույցները՝ մշտապես շեշտադրելով, որ արդյունավետությունը բարձրացնելու համար այդ երկու գործառույթներն իրարից անկախ իրականացնելը չի կարող օգնել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությանը։