Արդեն 4-րդ օրն է՝ «Սանիթեքը» հրաժարվում է աղբահանություն կատարել. Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է պատժամիջոցների մասին
Արխիվ 16-20«Սանիթեք» ընկերությունն, արդեն չորրորդ օրն է, առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը։
Գործող օրենսդրությամբ և «Սանիտեքի» հետ կնքված պայմանագրերով քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է՝ «Սանիտեքի» նկատմամբ պատժամիջոցների կիրառել պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, և քաղաքապետարանի կիրառած յուրաքանչյուր տուգանք հիմնված է փաստարկված և արձանագրված դեպքերի վրա:
Չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված, թերի մատուցված ծառայության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատեսված են անբարենպաստ իրավական հետևանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրառում, և այս առումով «Սանիտեքը» վստահաբար բացառություն չէ:
Անցած ամիսների ընթացքում քաղաքը աղբահանության կոլափսից կարողացել է խուսափել միայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 24-ժամյա աշխատանքի շնորհիվ, որի տեխնիկական ռեսուրսները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են: Այս պահին համայնքային հիմնարկը իր կարողությունների չափով կատարում է ամբողջ քաղաքի աղբահանությունը:
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, մայրաքաղաքում աղբահանության խնդիրը արմատապես լուծելու համար՝ ի շահ Երևան քաղաքի և նրա բնակիչների, որոնք արդեն տևական ժամանակ է, տառապում են աղբահանության այս անընդունելի վիճակից:
«Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսևորում, որը, անշուշտ, իր իրավական հետևանքները կունենա»: