Տեղի կունենա Սամբոյի միջազգային հուշամրցաշար
Արխիվ 16-20Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, «Լեւոն Հայրապետյանի անվան սամբոյի եւ ձյուդոյի մարզական ակումբը» եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2019թ. սեպտեմբերի 2-ին «Մարզաձեւերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն»/ նախկին՝ «Միկա»/ մարզասրահում անցկացնելու են Լեւոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն պատվիրակություններ Բելոռուսից, Իսրայելից, Լիտվայից, Հունաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Արցախից, Հայաստանից:
Տղամարդկանց 9 եւ կանանց 6 քաշային կարգերում հաղթողները կպարգեւատրվեն համապատասխան կարգի մեդալներով ու պատվոգրերով: Հուշամրցաշարի հանդիսությանը կմասնակցեն ՀՀ ՊՆ «Զորական» եւ ազգային երգի-պարի «Կարին» համույթները :
Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահն էր, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրենը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ, Միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, ում՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահության ընթացքում հայ սամբիստները աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նվաճել են ավելի քան 700 ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ: Նա արցախյան շարժման եւ պատերազմի ակտիվ մասնակից էր, ուներ գնդապետի զինվորական կոչում, 2000-2007 թթ եղել էր ՀՀ ՊՆ Բանակի կենտրոնական մարզական ակումբի պետ, զորամասի հրամանատար: