«Հեղափոխությունից հետո՝ հիասթափությունը շատ ավելի խորն է լինում» (Տեսանյութ)
Արխիվ 16-20ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ներկայացրել էր մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները եւ նշել. «Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը եւ վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազար աշխատող սթարտափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության եւ գիտության ֆինանսավորումը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»:
Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ «Իրավունք TV»-ի հետ զրույցում նախ նշեց, որ մինչեւ 2050 թվականը շատ երկար ճանապարհ ունենք կատարելիք:
- Մենք միանգամից խոսում ենք 2050 թվականի մասին, բայց այդ թվին այսօր տրված խոստումները նշանակում է չիրականացվող մի բան: Դու այն ժամանակ ես երկարատեւի վրա խոստումներ տալիս, երբ կարճատեւի իրականացման հարցում քեզ անկարող ես համարում: Եթե դու իմանայիր, որ կարող ես կարճաժամկետում քո խոստումներն իրագործել, կասեիր, որ երկու-երեք տարի հետո սա կանեմ: Իսկ եթե խոսում ես 2050 թվականի մասին, նշանակում է դժվարանում ես: Ի վերջո, 2050 թվականին ո՞վ է հիշելու, թե այսքան տարի առաջ ով ինչ խոստում է տվել: Հուսով եմ՝ կապրենք մինչեւ 2050 թվականը եւ կտեսնենք, թե ինչքանով իրականություն կդառնա այդ ամենը: Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը կլինի՞ այդ ժամանակ իշխանության, թե՝ ոչ, համենայնդեպս, իրենք խոսում են, որ 40 տարով են եկել:
- Իսկ մինչեւ 2050 թվականը՝ ի՞նչ սպասել վաղվանից:
- Կարեւորը վաղն է եւ կարեւոր է, որ մենք դրական արդյունքների հանգենք այս գործընթացների արդյունքում: Մտահոգ եմ, որ ժողովուրդը ոգեւորված է, որովհետեւ հեղափոխությունից հետո՝ հիասթափությունը շատ ավելի խորն է լինում, երբ զգում է, որ խաբվել է, սա շատ ավելի ծանր է: Նախորդ իշխանությունների ժամանակ ժողովուրդը գիտեր, որ ընտրակաշառք է ստացել, ձայն է տվել, մեղավորն ինքն է եղել, բայց երբ հեղափոխություն ես անում, հետեւում ես մեկին եւ տեսնում, որ խոստումները չեն իրականացվել, հիասթափությունը շատ ավելի խորն է լինում: Տեսեք, Իրանում 40 տարի առաջ հեղափոխություն տեղի ունեցավ, եւ նրանք այսօր արդեն 40 ամյակն են նշում այդ հեղափոխության ու 40 տարի է խոստանում են, որ ամեն ինչ լավ կլինի: Սա գաղտնիք չէ, Իրանում էլ շատ հանգիստ այս մասին խոսում են: Այսօր կոռուպցիայի հարցը շատ խիստ է դրված Իրանում, անընդհատ ձերբակալություններ կան, 40 տարի է խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մինչդեռ տեսնում ենք ամենասաստիկ կոռուպցիոն դեպքերն են ի հայտ գալիս, ձերբակալություններ են լինում: Ժողովրդի մի հատվածը դուրս է գալիս եւ ասում է՝ եթե նախորդ իշխանություններն այդքան լավն էին, դուք էլ լավ էիք ապրում, ինչո՞ւ հեղափոխություն արեցիք, իրենց ծնողներին են մեղադրում: Շատերն են ասում եւ ես էլ եմ համոզված, որ որեւիցե հեղափոխությունից հետո չեք կարող գտնել մի ժողովուրդ, որը սկսած լինի լավ ապրել: Այն ժամանակ է ժողովուրդը լավ ապրում, երբ այդ փոփոխությունները տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացներով՝ փուլ առ փուլ, քայլ առ քայլ, եւ խոստումները համապատասխան այդ փուլերի են տրվում: Բայց եթե միանգամից հեղափոխություն է լինում, խոշոր խոստումներ են տրվում, որոնք անիրագործելի են, պարզ է, որ հնարավոր չէ որեւիցե հեռանկար ունենալ ապագայից:
- Բայց տարիուկես առաջ ասում էին, որ շուտով ներդրումներ են լինելու, աշխարհին ավելի ճանաչելի ենք դառնալու, Սփյուռքը վերադառնալու է հայրենիք: Ո՞ւր մնաց այս ամենը:
- Ինձ թվում է՝ այս հարցին շատ սպառիչ պատասխան կա. նրանք, ովքեր գալիս են այստեղ, տեսնում են իրավիճակը, դատարանների դեմ բռնությունը, աշխատանքների մեջ անլրջությունը, ոչ պրոֆեսիոնալ կադրերը, որ գործում են եւ անմիջապես թողնում, հեռանում են: Այսինքն՝ ներկա իրավիճակում ներդրումների մասին խոսելը մի քիչ դժվար հարց է: Այնպես որ, այն ներդրումները, որոնք պատկերացնում ենք, թե պետք է լինեին, դժվար թե, իրականություն դառնան: Ես գոնե հավատացած չեմ, որ ներկա իրավիճակը շարունակելով՝ կարող ենք մոտ ապագայում արտաքին ներդրումների ներգրավման ականատես լինել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.