Աղստևի հովիտը ՀՀ-ի ամենամեղմ կլիմա ունեցող տարածաշրջանն է և լավ միջավայր է տուրիզմի զարգացման համար. Տավուշի մարզպետ
Արխիվ 16-20Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումին հայտարարեց, որ ֆորումը կրում է «Ներդրեք Տավուշում» խորագիրը և հավելեց, որ ամբողջ տարվա ընթացքում ավելի փոքր ֆորումների արշավով ոչ միայն ՀՀ-ում, այլև ՀՀ-ի սահմանից դուրս կցուցադրեն իրենց հրաշալի տարածաշրջանը, բոլոր ներդրումային հնարավորություններն ու առավելությունները և հնարավորություն կտան, որ ներդրողը համարձակ լինի՝ ՀՀ և Տավուշ գալու:
«Ամենակարևորը մարդկային ներուժն է. Տավուշի ամենամեծ առավելությունն այն մարդիկ են, ովքեր ապրում են Տավուշում, այն մարդիկ են, ովքեր պահում են սահմանը, արժեք են ստեղծել ու ստեղծում, այն ձեռներեցները... և առաջին հերթին շնորհակալությունն այդ մարդկանց, որոնց շնորհիվ մենք շարունակելու ենք զարգացումը մեր մարզի, մեր աշխարհի և տանելու ենք առաջ»,-ասաց նա:
Մարզպետը նշեց, որ մարզում բնությունն իրենց շռայլորեն պարգևատրել է և մնացածը մնում է մարդուն, նրա համարձակությանը, կամքին, երազանքի կարողությանը:
«Մենք կարող ենք Տավուշը դարձնենք լավագույն վայրը, ամենաբարձր կյանքի որակ ունեցող տարածաշրջանը»,-ասաց նա:
Հայկ Չոբանյան խոսքով՝ մարզն առաջնահերթ լավ միջավայր է տուրիզմի զարգացման համար: «Աղստևի հովիտը ՀՀ-ի ամենամեղմ կլիմա ունեցող տարածաշրջանն է»,-տեղեկացրեց նա:
Մարզպետը նշեց, որ իրենք արդեն իսկ նշել են հիմնական տուրիստական հանգրվանները. նաև 17 անվանակարգերով ծրագրեր ունեն, որոնք առաջ են տանում: «Մեկ տարի հետո, եթե իրականացված չլինեն, ապա գոնե իրականության շեմին պետք է լինեն, և այդ ներուժը տալիս է ոչ միայն բնությունը, այլև մարդիկ»,-ասաց մարզպետը:
Նա նաև ասաց, որ մարզը գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ ունի՝ անտառները հսկայական ռեսուրս են, որոնք չեն օգտագործվում: «Տարիներ առաջ մի հետազոտության համաձայն՝ մեր անտառները ունեն 300 մլն եվրո մթերքի հնարավորություն: Սա միայն մթերքով է հաշվված՝ կա հավելյալ արժեք, որն առաջանում է վերամշակման արդյունքում»,-ասաց նա: