Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ
Արխիվ 16-20Հունիսի 19-ին Վաշինգտոնում կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին հայ-ամերիկյան գործընկերային եւ բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման եւ ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար:
Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների ընդգրկուն օրակարգը եւ այդ ուղղությամբ ընթացող համագործակցությունն առաջ մղելու փոխադարձ պատրաստակամությունը:
Հայաստանի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք արդիական հարցեր: Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց գլոբալ եւ տարածաշրջանային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի անվտանգության օրակարգի ամրապնդմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը նպաստող ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի խթանման կարեւորությունը:
Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա վիճակին, այս առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման եւ մոտեցումներին, ինչպես նաեւ հունիսի 20-ին կայանալիք հանդիպման օրակարգում Հայաստանի գերակայություններին: