Ֆեյքերի դեմ պայքարում տուժեց «Դուխով Հայաստանը», օգտվեց «Կյանքի խոսքը»
Արխիվ 16-20Շաբաթներ առաջ հերթական աննախադեպ հանձնարարականը ստացավ ԱԱԾ-ի տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ. թիրախում համացանցն էր: Վարչապետը հանձնարարել էր համապատասխան միջոցներ ձեռնարկել պայքարելու ֆեյքերի դեմ: Համացանցում այս լուրը մեծ աղմուկ բարձրացրեց. ոմանք մեղադրեցին Նիկոլ Փաշինյանին` ազատ խոսքի ոտնահարման համար, ոմանք էլ գովաբանեցին նրան, մասնագետները ահազանգեցին, ֆեյքերը նեղվեցին, մտավորականները ուրախացան: Եթե հարցին իրավական կողմից դիտարկենք, իրավաբանները պնդում են, որ ֆեյք բացելը օրենքով դատապարտելի չէ, իսկ զրպարտություն տարածում են նաեւ որոշ լրատվական կայքեր, այդ թվում` իշխանական թեւին սպասարկող որոշ ԶԼՄ-ներ: Ինչեւէ, սպասողական վիճակը փոխվեց այն պահին, երբ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ արդեն առաջին քայլը կատարվել է, եւ կա հետախուզման մեջ գտնվող անձ: Ավելի ուշ պարզվեց, որ հետախուզման մեջ էր գտնվում «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի վարողը, հետո էլ հայտնի դարձավ, որ նրան ձերբակալել են: ԱԱԾ տնօրենը ձերբակակության վերաբերյալ տեղեկացրեց հետեւյալը. «Քրեական գործը հարուցվել է ռասսայական, կրոնական եւ ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով»: Պարզվում է` սոցցանցերում ֆեյքերի «մեգավտանգավոր» օբյեկտը կասեցվել է, իսկ իրականում այս էջի հետ կապված կան մի շարք հետաքրքիր հանգամանքներ: Մի քիչ փորփրելով վերոնշյալ էջը` կարելի է նկատել, որ էջի վարողը համարձակություն էր ունեցել «Կյանքի խոսքի» առաջնորդ ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ անունից կեղծ հայտարարություն տարածել եւ միանգամից հայտնվել ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, ընդ որում` կեղծ հայտարարության վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանում էր տվել նույն կրոնական կառույցի մամուլի խոսնակը` հավելելով, որ դեպքի առիթով նաեւ դիմում է ներկայացվել ԱԱԾ: Ստացվում է, որ մեր ԱԱԾ-ն շատ լավ է աշխատում այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է աղանդավորական կառույցներին եւ չի զլանում կրոնական բառի կողքը նաեւ ավելացնել ազգայինը: Արդարության համար պետք է ասել, որ նույնաբովանդակ տասնյակ էջեր կան համացանցում օրինակ` ԼԳԲՏ համայնքի շահերը սպասարկող հայտնի մի էջ կա, որն օրնիբուն գովերգելով մեր «անթերի» իշխանություններին` ձեռքի հետ էլ ծաղրող եւ արատավորող նյութեր է տարածում Առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ: Այս էջը անգամ լկտիությամբ ծաղրում եւ անարգել սեռական բնույթի անպարկեշտություններ է տարածում հայ եկեղեցու զավակների վերաբերյալ եւ մնում է անպատիժ: Չմոռանանք նաեւ ԱԱԾ-ին հիշեցնել, որ արդեն մեկ տարի է, ինչ կա հայ եկեղեցու վրա հարձակված «Նոր Հայաստան նոր Հայրապետ» կոչվող հակաեկեղեցական շարժում, որոնք հերյուրանքների տարափ են հասցնում հայ եկեղեցականների վրա եւ դեռ պարծենում են, որ այս իշխանության ժամանակ են դա անում, որովհետեւ նախկինում կարող էին պատժվել: Փաստորեն, ի՞նչ է ստացվում. ֆեյքերի դեմ պայքարի արդյունքում շահում է ոչ թե հայ հասարակությունը, այլ կրոնական ու սեռական փոքրամասնությունները: Իսկ արդյունքում երեւույթը պղտորում է համացանցում դեռ մնացած անաչառ եւ օբյեկտիվ հատվածը` դարձնելով այն վարձկանների թելադրության առիթ: Այս ֆոնին «նոր» Հայաստանում մեռելոցները աշխատանքային հռչակելը խիստ տրամաբանական է եւ ընկալելի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ