Ռեֆորմիստները հրավիրում են աշխատանքի վարչապետի հրահանգով աշխատանքից ազատված մաքսակետի տեսուչին
Արխիվ 16-20Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Ռեֆորմիստների կուսակցությունն անընդունելի է համարում «Նորագավիթ» մաքսակետում ապրիլի 9-ին ՀՀ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանի իրավունքների ոտնահարումը, ՀՀ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը եւ կամայականորեն աշխատանքից զրկելը: Կուսակցության ղեկավարությունը Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատանքի Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակում: Մեր կուսակցության անդամների կողմից վճարվող անդամավճարներով մենք կկարողանանք վճարել Հայկ Մարտիրոսյանի ամսական աշխատավարձը: Հայկ Մարտիրոսյանը կարող է կապ հաստատել կուսակցության ղեկավար մարմնի հետ Facebook սոցիալական ցանցի միջոցով կամ այցելել կուսակցության գրասենյակ՝ Բաղրամյան 59, 3-րդ հարկ»:
Հիշեցնենք, որ օրերս «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մաքսատուն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցի ժամանակ, սենյակներից մեկում տեսել էր մի անկյունում հատակին դրված ՀՀ պետական դրոշը եւ հենց տեսախցիկների առաջ Արարատյան-մաքսատուն վարչության թիվ 2 զննման բաժնի տեսուչ Հայկ Մարտիրոսյանին եւ սենյակի մյուս աշխատակիցներին հրահանգել էր «դիմում գրել» եւ ազատվել աշխատանքից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հ. Մարտիրոսյանն իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: