«Եթե ռուսները սրտանց ուզենան, այլընտրանքային ճանապարհ կբացվի»
Արխիվ 16-20Ռուսաստանից Վրաստանով Հայաստան եկող ու գնացող բեռնատարներն այս տարի եւս խնդիրներ ունեն Վերին Լարսի ճանապարհին: Երկար հերթերի մեջ ճանապարհին կանգնած բեռնատարների վարորդները մտածում են ոչ այնքան իրենց, որքան տեղափոխվող մթերքի մասին, որը կարող է նույնքան «համբերատար» չլինել ու փչանալ: Իհարկե, յուրաքանչյուր անգամ այս հարցը բարձրացնելիս, անմիջապես լինում է արձագանք, թե` սպասեք, բանակցություններ են ընթանում, կարող է այլընտրանքային ուղիներ գտնվեն: Իսկ թե արդյոք, վերջիվերջո, մի օր, օրինակ, Աբխազիայով հնարավոր կլինի առանց խոչընդոտների բեռնափոխադրումներ իրականացնել, «Իրավունքը» պարզեց Վրաստանի Նինոծմինդա շրջանային սակրեբուլոյի միակ հայ ընդդիմադիր պատգամավոր ՎԱՂԻՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ տեսակետը, որը ներկայացնում է «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը:
– Այստեղ ինձ թվում է` միայն վրացիների մեղքով չէ, որ այլընտրանքային ճանապարհ չի բացվում, այլ նաեւ աբխազական գործոնն է մեծ դեր կատարում: Երեւի, աբխազներն էլ վախենում են այդ ճանապարհը բացվելուց, որովհետեւ Վրաստան արտագաղթած ժողովուրդը կարող է վերադառնալ նորից եւ մեծամասնություն դառնալ Աբխազիայում: Բացի այդ, անհասկանալի է ռուսների վերաբերմունքը: Ինձ թվում է` եթե ռուսները սրտանց ուզենան, այլընտրանքային ճանապարհ կբացվի: Մինչդեռ ինչ-որ տեղ իրենք էլ մտածում են, որ ձեռնտու չէ, քանի որ հայերը բաց են թողնվում իրենց ձեռքի տակից: Այլապես, սա փոքր հարց է եւ անպայման կբացվեր, եթե ցանկություն ունենային:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Վ. Ղազարյանի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում: