«Երկրագունդը պտտվում է միայն Մեգգիի շուրջ». Կարեն Գյուրջյանը հայր է դարձել
Արխիվ 16-20Ոճաբան ԿԱՐԵՆ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ հետ «Իրավունքի» նախորդ հարցազրույցը նրա հարսանեկան արարողության մասին էր: Եվ մեր այն հարցին, թե հաջորդ հարցազրույցը կլինի՞ առաջնեկի ծնունդի մասին, նա կարճ պատասխան էր տվել. «Փշաքաղվեցի… Տա Աստված»: Իսկ Աստված տվել է եւ թեպետ սոցցանցում հայտնի ոճաբանը խորհրդավոր լռություն է պահպանում, բայց մեզ հաջողվեց պարզել, որ Կարեն Գյուրջյանը եւ Սվետան համալրել են երջանիկ ծնողների շարքը:
Փոքրիկի ծննդյան մանրամասների եւ Կ. Գյուրջյանի նոր կարգավիճակի մասին էլ զրուցեցինք հենց նորաթուխ հայրիկի հետ:
- Փոքրիկը ծնվեց մայիսի 11-ին, անունը Մեգգի է: Ինչու Մեգգի, որովհետեւ միշտ շատ սիրել եմ այդ անունը եւ հետո քանի որ իմ սիրած մուլտֆիլմի` Սիմսոնների փոքրիկի անունը Մեգգի էր, ուղղակի, այս որոշումը բեկման ենթակա չէր:
- Կարեն, ինչո՞ւ այս կարեւոր լուրը թաքցրեցիք ֆեյսբուքյան ընկերներից:
- Ճիշտն ասած, թաքցնելու միտք չի եղել, ուղղակի, ծանրաբեռնված լինելու պատճառով ստացվեց այդպես:
- Հայրիկի դերին հե՞շտ համակերպվեցիք:
- Չհաշված փյելսթեյշնից հրաժարվելը, լարված ու անքուն գիշերները, ամեն ինչ անչափ հաճելի է ու հեշտ:
- Շա՞տ բան է փոխվել Կարեն Գյուրջյանի կյանքում՝ փոքրիկի ծնունդից հետո:
- Այո, երկրագունդը պտտվում է միայն Մեգգիի շուրջ:
- Հայ ծնողները յուրահատուկ են, որովհետեւ փոքրիկի ծննդյան օրվանից սկսած արդեն սկսում են մտածել նրա ապագայի, մասնագիտության, ամուսնության մասին: Դուք ե՞ւս բացառություն չեք:
- Ամուսնության անուն չտա՛ք, իսկ ապագան ու մասնագիտությունը նա կորոշի, մենք ուղղակի, կօգնենք կողմնորոշվել եւ հասնել նպատակին:
- Ձեր ընտանիքում աղջիկները սկսում են գերակշռել, պատրա՞ստ եք միայնակ դիմակայել նրանց բոլոր քմահաճույքներին, թե՞ կամաց-կամաց մտածում եք որդի ունենալու մասին:
- Քմահաճույքների դիմակայել պատրաստ եմ, մեծ սիրով, իսկ որդու վերաբերյալ թող լինի Աստծո կամքը:
- Մեր հարցազրույցները բավական հատկանշանական են՝ զրուցել ենք Ձեր նշանադրության մասին, ապա պսակադրության, հիմա էլ առաջնեկի: Մեկ տարի անց՝ ի՞նչ անձնական կամ ստեղծագործական նորությունների սպասենք:
- Այդ մեկը չեմ կարող ասել, տեսնենք:
Իսկ մեզ մնում է եւս մեկ անգամ շնորհավորել Կարեն Գյուրջյանին եւ Սվետային փոքրիկի ծննդյան առթիվ, մաղթել Մեգգիին անհոգ մանկություն ու անսահման երջանկություն: Իսկ նրա ծնողներին ցանկանալ, որ մուլտֆիլմի հայտնի հերոսի` Հոմեր Սիմսոնի պես Մեգգիին պարգեւեն քույր եւ եղբայր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ