Նախկին ՀՀՇ-ականը վիրավորվել է Հեղինե Բիշարյանի «համբալ» բառից
Արխիվ 16-20Վիգեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներքաղաքական խմորումներին:Մասնավորապես` խորհրդարանում վերջերս Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի ու Նաիրա Զոհրաբյանի միջեւ տեղի ունեցած վեճին: «Մի կողմ թողնենք, որ նա կին է (նկատի ունի Հեղինե Բիշարյանին-խմբ.): Խորհրդարանում, երբ ասում են, տիկին, դա ընդունված չէ: Նա պատգամավոր է: Երբ նա ասում է «շիշը կտամ գլխիդ, «համբալ» նա վիրավորում է ինձ` որպես ընտրողի, ոչ թե Նիկոլ Փաշինյանին: Նա իրավունք չունի այդպես խոսել: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, երբ շեշտում է, թե ոչ մեկիդ հետ միավորվելու ցանկություն չունեմ, բեղ եք պահում եւ այլն»,- ասաց Խաչատրյանը:
«Իրավունք»-ի դիտարկմանը, թե հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իշխանության պատվերն էր, Վիգեն Խաչատրյանն արձագանքեց. «Թող ասեն: Հարցը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ երեւույթը»:
Ասուլիսի բանախոս, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չունի խորհրդարանում հայտնվելու. «Նա ո՛չ խարիզմա ունի, ո՛չ քաղաքական ծրագիր, ո՛չ թիմ, ո՛չ էլ առավել ևս` ֆինանասներ: Ուղղակի ուզում է արքա դառնալ»:
Վիգեն Խաչատրյանը մասամբ համաձայնեց սոցիոլոգի հետ` Փաշինյանը չունի ոչ ֆինանսեր, ոչ էլ թիմ:
«Իրավունք»-ի դիտարկմանը, թե կարծիք կա, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք դուրս չի եկել քաղաքականությունից եւ հիմա էլ փորձում է աստիճանաբար ստվերից դուրս գալ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության միջոցով, նախկին ՀՀՇ-ականը դժվարացավ հստակ պատասխանել. «Չեմ կարող միանշանակ ասել: Բայց բացառված չէ:»:
Միգուցե էքս նախագահը չի՞ հաշտվում երիտասարդ թոշակառուի կարգավիճակի հետ: «Իսկ ով կհաշտվի դրա հետ: Թոշակառու լինելը մի առանձնապես ցանկալի բան չէ»,- եզրափակեց Խաչատրյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ