ԱԲԽԱԶԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
Արխիվ 16-20Ինչպես նախօրեին հայտարարեց ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ մայիսի 24-ին սպասվող բանակցությունների ժամանակ երկու երկրները «Մաքսային վարչարարության եւ ապրանքների առեւտրի մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագիրը իրականացնելու հարցերով հատուկ աշխատանքային խումբ կձեւավորեն: Հիշեցնենք՝ այդ համաձայնագիրը նախատեսում է առեւտրային միջանցքների ստեղծում Ռուսաստանից Վրաստան, այսինքն՝ նաեւ Հայաստան՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքով:
ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աբաշիձեն տեղեկացրել է նաեւ, որ այդ միջանցքի գործարկման հեռանկարը վերջապես տեսանելի դարձավ, երբ Ռուսաստանը օրերս ստորագրեց չճանաչված Աբխազիայի եւ Հվ.Օսեթիայի տարածքներում բեռների վերահսկողությանը իրականացնելուն միտված կամ, պայմանականորեն ասած, այդ չճանաչված հանրապետությունների մաքսատներին փոխարինող շվեյցարական SGS ընկերության հետ: Իսկ Վրաստանն այդ նույն պայմանագիրը ստորագրել էր դեռ անցած տարի: Այսպիսով, եթե Կարասին-Աբաշիձե առաջիկա հանդիպումը հաջող ավարտվի, ապա մեծ հույսեր կառաջանան, որ տասնամյակների ընդմիջումից ի վեր վրաց-աբխազական եւ վրաց-օսեթական սահմանը վերջապես կբացվի բեռների առաջ: Իսկ դա առավել քան իրատեսական կդարձնի նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկումը: Այն, որ սա Հայաստանի համար առավել քան լավ նորություն է, երկրորդ կարծիք չի կարող լինել: Եթե, իհարկե, այս գործընթացն ի վերջո հասնի ֆինիշային փուլ: Իսկ դա մեծ մասամբ կախված է մեկ պարզ հարցից՝ որո՞նք են այն գործոնները, որ աբխազական եւ օսեթական սահմանային անցման հարցը մղեցին օրակարգային առաջին պլան: Այսինքն՝ խոսքը ռեալ, խնդիրը մինչեւ վերջ լուծելու ունակ գործոնների մասի՞ն է, թե պարզապես հերթական դիրքային տեղաշարժեր են ընթանում: Այդ գործոնների թվում առաջնայիններից է, թերեւս, այն, որ ՌԴ-ի համար սկսել է էապես կարեւորվել հարավկովկասյան տարածաշրջանի կոմունիկացիաների լիարժեք կենսունակության հարցը: Համենայնդեպս՝ դա է հուշում օրերս ստորագրված ԵՏՄ-Իրան եւ ԵՏՄ-Չինաստան ազատ առեւտրի մասին համաձայնագրերը: Այն, որ այդ համաձայնագրերը միտված են նաեւ չինական «Մետաքսի ծրագրի» գործարկմանը, դժվար չէ կռահել: Իսկ հարավային Չինաստանից, Հնդկաստանից դեպի Իրան, այնտեղից էլ՝ մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասով դեպի Ռուսաստան-Եվրոպա ուղղությունը «Մետաքսի ճանապարհի» բոլոր նախնական տարբերակներում էլ առանցքային դրվագ է հանդիսացել: Եվ հակառակը. կովկասյան այդ կոմունիկացիաները կենտրոնական եւ արեւմտյան Ռուսաստանից Իրան-Պարսից ծոց ուղղությամբ ամենահարմար տարբերակներն են, եւ ինչքան էլ որ առկա է ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթուղային ուղղությունը, մեկ է՝ աբխազական գծի, հեռանկարում նաեւ՝ Հայաստան-Նախիջեւան-Իրան երկաթուղու կարեւորությունը նույնպես շատ մեծ է: Սա տեսականորեն: Բայց նաեւ արդեն իսկ տեսանելի է, որ գործնականում եւս այդ բոլոր հարցերը դառնում են օրակարգային: Մի կողմից, Իրանի եւ Չինաստանի հետ ԵՏՄ-ի հիշատակված պայմանագրերն են դա հուշում: Եվ, ամենակարեւորն այն է, որ Մերձավոր Արեւելքի իրավիճակն է սկսում նման գլոբալ ծրագրերին համապատասխան ընթացք ստանալ: Ճիշտ է, դեռ ռեալ է մնում Իրանի եւ Իսրայելի միջեւ պատերազմի վտանգը: Սակայն նաեւ զգացվում է, որ դրա հավանականությունը նվազման փուլում է: Իսկ գլոբալ իմաստով պատկերը հետեւյալն է: ԱՄՆ-ը, հատկապես վերջին ժամանակներս, մի քանի լուրջ փորձեր իրականացրեց՝ տարածաշրջանն ապակայունացնելու համար, սակայն բոլորն էլ ձախողվեցին: Փորձեր, թերեւս, էլի կլինեն. հիմա էլ ԱՄՆ-ում, իրենց դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հայտնի քայլից հետո, լրջորեն խոսում են Իսրայելի եւ Սիրիայի միջեւ վիճելի սահմանային Հոլանի բարձունքների գոտին Իսրայելի մաս ճանաչելու մասին: Դա, անշուշտ, խոստանում է տարածաշրջանային հերթական մեծ ճգնաժամն առաջ բերել: Ճիշտ է, հետեւանքները դեռ անորոշ են, սակայն մեկ հանգամանք այսօր էլ է նկատելի: Իսրայելը, որպես նախահարձակ կողմ, հազիվ թե մտնի Իրանի հետ պատերազմի մեջ, հաշվի առնելով, որ այդպես էլ ԱՄՆ-ին չի հաջողվում ստեղծել հակաիրանյան այնպիսի լուրջ կոալիցիա, որը կարող է մեծ պատերազմի դեպքում հաղթանակի շանսեր ունենա. Եվրոպան այդպես էլ չի ցանկանում մտնել ԱՄՆ-ի հակաիրանյան խաղի մեջ: Փոխարենը, վերջին ժամանակներս այդքան հաճախակի դարձած եվրոպական ամենաբարձրաստիճան պաշտոնական գնահատականները հուշում են, Եվրոպայի համար տնտեսական առումով շատ ավելի ձեռնտու է եվրասիական ուղղությունը, այդ թվում՝ ՌԴ-ի եւ Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցությունը, ինչը, հասկանալի է, վերաբերում է նաեւ «Մետաքսի ճանապարհով» բեռնաշրջանառությանն ու, ըստ այդմ էլ, Մերձավոր Արեւելքի անվտանգ կոմունիկացիաներին:
ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ
Բայց վերադառնանք կովկասյան կոմունիկացիաներին ու, մասնավորապես, աբխազական երկաթուղուն: Այն, որ դրա հետ կապված տեղաշարժերը գտնվում են հիշատակված աշխարհաքաղաքական իրողությունների հարթությունում, դա միանշանակ է: Եթե ամբողջական օրակարգային խնդիր դառնա ողջ հարավկովկասյան կոմունիկացիաների կամ թեկուզեւ միայն բեռների անարգել եւ անվտանգ տեղաշարժի հարցը, ապա արցախյան խնդիրը դրա հնարավորությունը չի տալիս: Չնայած, թերեւս պատահական չեն նաեւ վերջին ժամանակներս ի հայտ եկած այն մի շարք թափանցիկ ակնարկները եւ էլ ավելի համառ փորձագիտական գնահատականները, որ ղարաբաղյան բանակցություններն առաջիկա մեկ-երկու ամիսներին աստիճանաբար կվերադառնան գերակտիվ փուլ: Ընդ որում` այս օրերին աճող սահմանային լարվածությունը նկատելի է, կան նաեւ զոհեր: Եվ մեկ էական հանգամանք աչքաթող չանենք. փաստն այն է, որ այս փուլում Ադրբեջանը սրում է իրավիճակը նաեւ նախիջեւանյան ուղղությամբ: Նախ՝ Նախիջեւանից հակահարձակման մասին խոսեց Ալիեւը. «Նախիջեւանում կան հեռավոր գործունեության հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական օբյեկտ»: Նախօրեին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Նախիջեւանի սահմանին սպանված զինվորի մասին՝ Հայաստանին եւ անձամբ՝ ներկիայիս պաշտպանության եւ ԱԳ նախարարին ուղղակիորեն մեղադրելով պրովոկացիոն գործողությունների կազմակերպման մեջ: Սակայն նկատենք՝ Նախիջեւանյան ուղղությամբ նման սրացումներն արդեն ընդամենը արցախյան հիմնախնդիր չեն. այստեղ խոսքը բուն Հայաստան-Ադրբեջանի մասին է, այն ենթատեքստով, որ պաշտոնական Հայաստանի սահմանը նաեւ ՀԱՊԿ պայմանագրերի ազդեցության գոտում է: Նկատենք՝ մի կողմից Հայաստանին մեղադրելով սահմանային սրացումների մեջ, մյուս կողմից սպառնալով՝ «պատասխան» հրթիռային հարվածով, Բաքուն թերեւս փորձում է ցույց տալ, որ նաեւ ՌԴ-ին է որոշակի մեսիջներ հղում: Մոտավորապես այսպիսի. «Հայաստանը նախիջեւանյան սահմանն ապակայունացնում է, ուրեմն եթե հարվածենք, ու ողջ իրավիճակն անկառավարելի դառնա, ինձ չմեղադրեք»: Սակայն սա կարծես թե ցուցադրական կողմն է, եւ իրականում մեսիջը Հայաստանին է ուղղված. «Եթե չեք գնում բանակցությունների, կարող է նման հետեւանք լինել: Իսկ ռուսներին արդեն իսկ զգուշացրել ենք, որ մենք մեղավոր չենք»: Սա կոպիտ տարբերակն է, իսկ իրականում կարծես թե սկսվում է բավականին նուրբ ու բազմակողմ խաղ՝ ուժի սպառնալիքով Հայաստանին հնարավորինս արագ բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար, ինչպես որ վերջերս՝ համանախագահների հետ հանդիպումից հետո պահանջում էր Մամեդյարովը: Եվ նկատենք, եթե Ադրբեջանը հերթական անգամ, այն էլ՝ Հայաստանի պաշտոնական սահմանների առնչությամբ սպառնալիքներ է հնչեցնում, Մոսկվան եւս կուլուարային քննարկումներում, թերեւս, Հայաստանին խորհուրդ կտա չձգձգել բանակցությունները:
Իհարկե, բոլորն են հասկանում, որ դա վերջնական լուծման չի տանի. կողմերի պահանջները դեռ 180 աստիճանով հակառակ են, եւ ստիպողաբար հազիվ թե այստեղ բան փոխել լինի: Իսկ այ, միջանկյալ տարբերակի մասին դեռ նախանցած տարվանից կցկտուր խոսակցություններ սկսվեցին, եւ դրանք գնալով միայն ամրացան: Այն է, որոշ շրջանների դիմաց կոմունիկացիաների վերագործարկում՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնելով ապագային: Մոտավորապես այն, ինչ նախատեսվում էր հաճախ հիշվող «Կազանի փաստաթղթում»: Դա կարող է տանել մի կողմից՝ բուն հակամարտության երկարաժամկետ սառեցման, այսինքն՝ բեռնափոխադրումների համար ռիսկի նվազեցման: Մյուս կողմից՝ կոմունիկացիաների վերագործարկումը հենց այդ բեռնափոխադրումների օգտին է: Այս տարբերակը, թերեւս, տեղավորվում է թվարկված գլոբալ գործոնների ընդհանուր տրամաբանության մեջ: Միայն թե՝ ո՞րն է երաշխիքը, թե կարգավիճակի հարցում հետո ինչ կլինի. Ադրբեջանի ստորագրած միջազգային պայմանագրերի վստահելիության լավ ցուցանիշ է թեկուզ զինադադարի պայմանագիրը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ