Խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀ-Իտալիա համագործակցության ավելի մեծ ներուժ կա. Սերժ Սարգսյան
Արխիվ 16-20Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների օրակարգի ընդլայնման գործում և զրուցակցին տեղեկացրել, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է` ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել նաև հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցությունը՝ հատկապես, որ դրա համար առկա են բոլոր նախապայմանները: Սերժ Սարգսյանն այս համատեքստում ընդգծել է, թե լոկ այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ նախորդ բարեկամության խումբն աշխարհի խորհրդարաններում երկու ամենամեծ խմբերից մեկն էր, ինքնին խոսուն է: Հայաստանի` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո, նախագահի համոզմամբ, համագործակցության շատ ավելի մեծ հնարավորություններ և ներուժ կա, որն անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել:
Նախագահը հույս է հայտնել, որ այս տարվա մարտին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո հնարավորինս արագ կվերաձևավորվի Հայաստանի հետ բարեկամության խումբը, և նորակազմ խորհրդարանի հետ կշարունակվի հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցության խորացումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Հանրապետության նախագահը զրուցակցին հանգամանորեն ներկայացրել է գործընթացի վերջին զարգացումները և հայկական կողմի մոտեցումները, որոնք համահունչ են ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին ու մոտեցումներին:
Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր «Լա Ստամպա» պարբերականին: