ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԸ
Արխիվ 16-20Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆՆ այս օրերին Հայաստանում է` հանգստանալու եւ ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար: Բռնցքամարտիկը հայրենիքում ունի նաեւ գործնական նպատակներ:
Վիկ Դարչինյանը տեղեկացրեց. «Հայաստանում մեծ ծրագրեր ունեմ, ցանկանում եմ այստեղ հիմնել պրոմոուտերական ընկերություն: Գիտեմ, որ Հայաստանում ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, ովքեր կարող են պրոֆեսիոնալ ռինգում մեծ հաջողությունների հասնել, լավ գումարներ ստանալ: Ես հայաստանցի բռնցքամարտիկներին կտամ այդ հնարավորությունը»:
Վիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի մարտին: Հիմա նա սպասում է իր վերջին մենամարտին, ինչից հետո կավարտի կարիերան: Դարչինյանն ուզում է վիճարկել IBF վարկածով չեմպիոնական գոտին կիսաթեթեւ քաշային կարգում. «Առաջարկ եմ ստացել՝ Մոսկվայում անցկացնել մենամարտ գործող աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Ես դեռ 2007 թվականին եմ ավարտել մարզական կարիերաս, բայց երբ տեղեկացա, որ Եվգենի Գրադովիչը ցանկանում է ինձ հետ մենամարտ անցկացնել, համաձայնեցի, քանի որ նա ունի գոտի եւ գործող աշխարհի չեմպիոնն է: Ես իմ մարզական կարիերայում 9 գոտի եմ նվաճել, եւ ցանկալի կլիներ, որ գոտիներիս քանակը հասցնեի 10-ի եւ հետո նոր հեռանայի ռինգից...»:
«Իրավունքի» խնդրանքով Վիկ Դարչինյանը առանձնացրեց կարիերայի ամենավերելքային ու ամենահիասթափեցնող պահերը. «Բարձրակետը մեքսիկացի Կրիստիան Միխարեսի հետ մենամարտն էր: Այս հաղթանակի մասին շատ խոսվեց: Այս քաշային կարգում պատմության մեջ առաջին բացարձակ չեմպիոնը դարձա, դա բացառիկ գոտի էր, որը մինչ այսօր չի կրկնվել: Ամենաառաջին նվաճածս աշխարհի գոտին էլ կառանձնացնեմ` կոլումբիացու հետ եմ մենամարտել, ով 33 մենամարտ ուներ, 25 նոկաուտ ու ոչ մի պարտություն: Նրա հետ ոչ ոք չէր ուզում մենամարտել, բայց ես նրա հետ մենամարտեցի ու հաղթեցի նոկաուտով: Ամենահիասթափեցնող պահերը կարիերայումս... Մի մենամարտ Ճապոնիայում եղավ, մրցակցիս լավ ծեծեցի, բայց մենամարտն ինձ չտվեցին, մյուսը` ԱՄՆ-ում Օսկար Դե լա Խոյայի հետ, որը 10 աշխարհի գոտի էր հաղթել: Այս մարզիկը մոտ 10 անգամ գոտկատեղիցս ներքեւ հարվածեց, 3-րդ անգամից հետո նրան ուղղակի պետք է դուրս շպրտեին ռինգից, բայց դա չարեցին` թողեցին որ մենամարտը շարունակվի: Արդյունքում հաղթանակը մեկ միավորի առավելությամբ շնորհվեց հենց նրան: Դրանից հետ, այսպես ասած, թափս կանգ առավ, երկու տարի նորից վերականգնման փուլ սկսվեց: Եթե այս անարդարությունները չլինեին, այդ կոպիտ սխալները, որոնք իմ մեղքով չէին, ապա ես այս պահին կարող էի 15 գոտի ունենալ, որը աննախադեպ կլիներ աշխարհում»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ