«Մանկական Եվրատեսիլում» հաղթեց ՌԴ մասնակիցը, որը Նադեժդա Սարգսյանի սանն է
Արխիվ 16-20Կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի ամենամյա մրցույթը, որտեղ ինչպես միշտ կրկնեցինք նախկին սխալները եւ ազգային ժյուրին իր բարձր միավորները տվեց հենց մեր մրցակիցներին: Իսկ օնլայն քվեարկության հարցում թերացանք, մինչդեռ այս անգամ մեր մասնակցի օգտին քվերակելու հնարավորություն ունեինք: Չնայած քվեարկության համար նախատեսված կայքն էլ չարդարացրեց իրեն եւ տեխնիկական խնդիրներ ստեղծվեցին: Ինչեւէ, պարզվեց, որ Հայաստանի ամենամեծ բարեկամը Կիպրոսն է, որից էլ մենք ստացանք միակ 12 միավորը, իսկ 10-ական միավորներ Հայաստանին բաշխեցին Ռուսաստանը, Լեհաստանը, Ալբանիան, Ուկրաինան: Արդյունքում Հայաստանը ներկայացնող փոքրիկ ՄԻՇԱՆ իր «Բումերանգ» երգով հայտնվեց 6-րդ հորիզոնականում: Բայց արի ու տես, որ Եվրամիության ոխերիմ թշնամի Ռուսաստանը դարձավ մրցույթի հաղթող, նրան հաջորդեցին Վրաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Մալթան, ապա նոր Հայաստանը: Ի դեպ, որքան էլ ասում են, թե մրցույթը քաղաքականացված չէ, բայց բավական ուշագրավ էր այն, որ մանկական մրցույթի միջոցով հալվեց սառույցը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Վերջիններս միմյանց պարգեւեցին իրենց ամենաբարձր միավորները:
Եվ, իհարկե, չմոռանանք նշել, որ Ռուսաստանի հաղթանակի հարցում Հայաստանը բավական մեծ ներդրում ունի, քանի որ ՌԴ-ն ներկայացնող ՊՈԼԻՆԱ ԲՈԳՈՒՍԵՎԻՉԸ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի պրոդյուսեր ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ սանն է: Պոլինայի մասին դեռեւս շաբաթներ առաջ «Իրավունքը» զրուցել էր Ն. Սարգսյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշել էր. «Գիտե՞ք ինչ պատիվ ու հարգանք է դա, սիրում եմ իմ երեխաներին, որ գլուխները բարձր են վերադառնում` հաղթանակած: Պալինայի հետ արդեն 4 տարի է աշխատում եմ, ու տարբեր մրցույթներից հաղթանակով է վերադարձել Ռուսաստան: Օրինակ, անցյալ տարի Սան Ռեմո մրցույթում առաջին մրցանակի արժանացավ: Իսկ այս տարի որոշեցինք` ի վերջո մասնակցել «Մանկական Եվրատեսիլի» ռուսաստանյան նախընտրական փուլին, քանի որ Պալինան արդեն շատ լավ անուն ունի Իգոր Կրուտոյի մոտ: Այդպես, մի քանի հեղինակներից երգեր ստացանք, եւ ընտրվեց հենց «Թեւեր» երգը, ու սկսեցինք պարապել: Ինչեւէ, ռուսաստանյան փուլը հաղթահարված է` Պալինան է մեկնելու «Մանկական Եվրատեսիլ»: Հաղթանակից անմիջապես հետո Պալինան զանգահարեց ու բղավեց. «Նադյա, ես հաղթել եմ...», Ցավալի է, որ այսքան հեռավորության վրա չեմ կարող գրկել, համբուրել: Գիտե՞ք ինչն ինձ ուրախացրեց, որ ասացի` եւ ի՞նչ Պալինա, գնում ես Թբիլիսի՞, ասաց` ես չեմ գնում, դու ես գնում: Ուզում է ասել` դա քո շնորհքն է, Նադյա: Այսինքն` երեխաները նույնիսկ շնորհակալ լինելն են հասկանում, գնահատելն են հասկանում, իհարկե, երեխա կա, որ դա էլ չի հասկանում, ինչը գալիս է ծնողներից: Պալինան երբ եկավ ինձ մոտ, մի օկտավա ձայն չուներ, ռուսական չիստուշկայի պես երգեր էր երգում: Իհարկե, ամբողջական տեսնելով նրա տվյալները` արտաքինը, ներքինը, երաժշտականությունը, փոխեց նրա ամբողջական վիճակը, սկսեց երգել տարբեր ժանրերում, նույնիսկ ջազ` Էլլա Ֆիցջերալդ էր երգում, Արետա Ֆրենկլին: Նա Արետա Ֆրենկլինի «Փինկ» երգով հաղթեց ռուսաստանյան «Գոլոս» նախագծում, Սան Ռեմոյում, «Մանկական Նոր ալիքում»: Պալինան իմ աշակերտուհիներից միակն է, որին Սերգեյ Ժրիլինը` «Գոլոս» նախագծի նվագախմբի ղեկավարը ընդունեց իր մոտ մեներգչուհի, եւ արդեն քանի տարի նվագախմբի հետ մեկնում է հյուրախաղերի` տարբեր քաղաքներ: Նա նույնիսկ մեծերի «Գոլոս» նախագծից չի վերցրել իր նվագախումբ, բայց փայփայում է Պալինային, որովհետեւ տեսնում է ինչ աշխատանք է տարված, եւ ինչ շնորհալի երեխա է,նա իմ հպարտությունն է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ