«911»-ին զուգահեռ ԱԻՆ-ը կունենա ևս մեկ փրկության հեռախոսահամար` «112»
Արխիվ 16-20Հոկտեմբերի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց նախարար Դավիթ Տոնոյանը. խորհրդակցությանը մասնակցում էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, «Վիվա Սել-ՄՏՍ», «Յուքոմ» և «Բիլայն» բջջային օպերատորների ներկայացուցիչները:
Օրակարգում քննարկվեցին բջջային օպերատորների միջոցով տարբեր աղետների և վտանգների դեպքում բնակչության ազդարարման և իրազեկման համակարգերի արդիականացման և բարելավման հնարավորությունները, ինչպես նաև՝ «911» արտակարգ համարին զուգահեռ հնարավոր դարձնել Եվրասիական ողջ մայրցամաքում ճանաչելի և կիրառվող «112» փրկության հեռախոսահամարի ներդրումն ու կիրառությունը:
«112» ահազանգման համարը, որը Եվրոպական միության բոլոր երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և ասիական գրեթե բոլոր երկրներում կիրառում և ճանաչում են որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար, այսուհետ պետք է լայնորեն ճանաչվի և «911»-ին զուգահեռ գործարկվի նաև Հայաստանում: «112» փրկության համարը լիովին համապատասխանում է միացյալ ահազանգման եվրոպական ասոցիացիայի տեխնիկական չափանիշներին: «112»-ը առավել ճանաչելի և հեշտ կիրառելի է նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար, որոնք արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես կարող են հավաքել միացյալ ահազանգման հեռախոսահամարը:
Միջազգային ճանաչելիությունից բացի՝ «112»-ը տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է ստեղծում ահազանգերը օպերատիվ սպասարկելու համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև աղետների և վտանգների դեպքում SMS հաղորդագրությունների միջոցով բնակչության ազդարարման մեխանիզմների ու տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները՝ հանրային իրազեկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: