Բաղանիսցիները ստացված մեղրի կեսը նվիրաբերում են սահմանապահներին
Արխիվ 16-20Դեռեւս նախորդ տարի Տավուշի մարզի Բաղանիս համայնքի բնակիչներին «Սահման» հկ-ի կողմից տրվեցին մեծ քանակի մեղուներ, մեղվափեթակներ եւ համապատասխան պարագաներ՝ գյուղում մեղր ստանալու նպատակով: Ընդ որում՝ բաղանիսցիները որոշեցին ոչ միայն մեղրից եկամուտ ստանալ եւ ապահովել իրենց ընտանիքների բարօրությունը, այլեւ բաժին հանել Հայոց բանակին: Եվ այսպես՝ նույն գյուղի բնակիչ ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ներկայացրած ծրագրով եւ համայնքի բնակիչների համաձայնությամբ՝ ստացված մեղրի կեսն արդեն ավանդույթ դարձած կերպով երկրորդ անգամ նվիրաբերվեց Նոյեմբերյանի շրջանի սահմանում կանգնած զինծառայողներին:
Ուշագրավ էր այն, որ «Սահման» հկ-ն Հայաստանի անկախության 26-րդ տարելիցին ընդառաջ` այս տարի եւս բաղանիսցիներին տվեց մեղուներ, մեղվափեթակներ մեղվարտադրության համար նախատեսված այլ պարագաներ:
Ի դեպ, այս առթիվ չենք կարող չփոխանցել հանրությանը նաեւ մեր սահմանապահների խոսքը, որոնք շնորհակալությունն են հայտնում «Սահման» հկ-ի համահիմնադիրներ Ջորջ Տաբակյանին, Աննա Աղաջանյանին, Գայանե Գեւորգյանին եւ Անահիտ Նազարյանին, ինչպես նաեւ սահմանապահ Արսեն Սահակյանին` դիրքերում կանգնած տղաներին ուշադրության կենտրոնում պահելու համար: