Թրամփ․ Ամերիկյան ընկերություններն Ուկրաինայում «հսկայական ներուժ» են տեսնում
Արխիվ 16-20Ամերիկյան ընկերությունները Ուկրաինայում «հսկայական ներուժ» են տեսնում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ ԳԱ շրջանակում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Պյոտր Պորոշենկոն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառությունը վերջին 7 ամիսներին ավելացել է 2․5 անգամ՝ նոր տնտեսական համաձայնության իրականացման շրջանակում։ Նա ասել է, որ Կիեւը ողջունում է ամերիկյան նոր ընկերություններին ուկրաինական շուկայում, ինչը նպաստում է երկու երկրներում հարյուր հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը։ Թրամփն իր հերթին նշել է, որ այդ ամերիկյան ընկերությունները Ուկրաինայում «հսկայական ներուժ» են տեսնում ու նրանց պետք է աջակցել։ Պատասխանելով լրագրողների դիտարկմանն այն մասին, որ Կիեւն ունի ամերիկյան լրացուցիչ ռազմական օգնության կարիքը, Պորոշենկոն «հոյակապ» է անվանել երկու երկրների համագործակցությունը անվտանգության ու պաշտպանության ոլորտում՝ հավելելով, որ «միանշանակ, մենք շատ գոհ ենք դրանից»։