Երշիկ չենք արտադրում. Ինչո՞ւ է նվազել հայկական սմարթֆոնների ու հեռախոսների արտադրությունը
Արխիվ 16-20ԱՎԾ-ի տվյալների համաձայն` 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 330 հատ բջջային հեռախոս՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի 450-ի դիմաց։ Հայկական սմարթֆոնների արտադրությունը նվազել է 26.7%-ով։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հայաստանյան TSD ընկերության կողմից արտադրվող Armphone հեռախոսներին։
Նույն ընկերության կողմից արտադրվող Armtab պլանշետների դեպքում անկումն ավելի խորն է։ Եթե 2016 թվականի առաջին կիսամյակում արտադրվել էր 696 պլանշետ, ապա այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է 55 հատ։
Թե ինչո՞վ է բացատրվում հայկական սմարթֆոնների ու պլանշետների արտադրության նվազումը, պարզեցինք TSD ընկերության ղեկավար Վահան Շաքարյանից: Ընկերության ղեկավարը հորդորեց չմտահոգվել ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով: «Մենք երշիկ չենք արտադրում: Յուրաքանչյուր վեց ամիս նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս: Դրանք մինչեւ դառնան արտադրություն, 1,1,5 տարի է պահանջվում: Մենք առաջիկայում սյուրպրիզ ունենք, որը կներկայացնենք սեպտեմբերի վերջին»,- ասաց Վահան Շաքարյանը:
Վահան Շաքարյանը հպանցիկ անդրադարձավ նաև բյուրոկրատական քաշքշուկներին հայկական արտադրանքն արտահանելիս: Այդ մասին Վահան Շաքարյանը խոստացավ խոսել սեպտեմբերին, երբ հանրությանը կներկայացնեն իրենց նոր արտադրանքը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ