Հայտնաբերվել են գողացված մեքենաների կողային հայելիների մի ամբողջ պահեստ. վարորդների ակցիայի հետքերով
ՔրեականՏարեվերջին շուրջ երկու տասնյակ վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ ավտոմեքենաների թալանի: Պահանջը՝ ոստիկանապետի հետ հանդիպումն էր ներկայացնելը գերխնդիր հանդիսացող գողությունները, որոնց շղթան տարիներ ի վեր չէր բացահայտվել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:
«Բավակա՛ն է, որքան կարելի է այս ամենը հանդուրժել: Հստակ ներկայացնում ենք դեպքի վայրը, ցույց տալիս պատճառված վնասը: Ոստիկանությունը կազմում է արձանագրություն, սակայն տարիներով սայլը տեղից չի շարժվում: Անգամ հույս էլ չունենք, որ որեւիցե դեպք կբացահայտվի: Եղել է դեպք, երբ նույնիսկ գտել են գողացողին, սակայն դատական գործ չեն հարուցել՝ համարելով մանր գործ, ու կրկին հանցագործը գտնվել է ազատության մեջ եւ, բնականաբար, շարունակել իր սեւ գործը: Հետեւաբար, որոշեցինք մի քանի վարորդներով հավաքվել եւ բողոքի ակցիա անցկացնել՝ ավտոերթով, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը գրավենք մեզ վրա: Հուրախություն մեզ, պիտի ասեմ, որ մեզ հետ հանդիպեց փոխոստիկանապետը եւ երկու սպա, ովքեր խոստացան հարցին տալ լուծում: Ասեմ նաեւ, որ ավազակային գողությունները հատուկ նշանակության էին՝ գողանում էին կողային հայելիները, մեքենայի միջից ձայնարկիչները եւ այլն»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր ակցիայի մասնակիցներից ՄԱՐԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, որը վարում է «ՄԱԶԴԱ 6» մակնիշի ավտոմեքենա:
Գրեթե մեկ ամիս անց, ինչ արդյունքներ կան տեղի ունեցած ակցիայից եւ փոխոստիկանապետի հետ հանդիպումից հետո՝ կրկին փորձեցինք պարզել Մարե Պետրոսյանից:
«Կարծես, առաջընթաց կա: Վերջերս Մալաթիա համայնքում ձերբակալել են մի թմրամոլի, ում մոտ բացի թմրանյութերից, նաեւ հայտնաբերել են գողացված մեքենաների կողային հայելիների մի ամբողջ պահեստ: Ինչպես նաեւ մեր տղաներից մեկը, ով մեր հետ էր եղել դեկտեմբերին անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ, ումից եւս ամիսներ առաջ գողացել էին հայելի եւ ոչ մի առաջընթաց այս առումով չկար,երեկ ասացին, որ գողոնը հայտնաբերել են»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ