Մեքենաների վառելիքը «ֆուլ» սպասում ենք, տուժված քաղաքներն ահավոր վիճակում են. ինչ վիճակ է Գլենդելում
Շոու բիզնեսԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով 30 հազար մարդու հորդորել են լքել իրենց տները: Կալիֆորնիայի նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել: Նա բնակիչներին կոչ է արել զգոն լինել, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Հրդեհի էպիկենտրոնում բնակվում էին մեծ թվով հայեր: Հայտնի է, որ աբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Փասադենայի Սահակ-Մեսրոպ հայկական դպրոցը:
«Իրավունք»-ը կապ է հաստատել հայ դերասան, հանդիասվար, հաղորդավար ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԻ հետ, ով մի քանի տարի է, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում: Հուրախություն մեզ՝ նա ասաց, որ իրենք էպիկենտրոնից բավականին հեռու են:
«Մենք Գլենդելում ենք: Այստեղ ավելի հանգիստ է: Իհարկե, լարվածություն կար ու կա մինչ հիմա։ Ուղղակի հիմա քամին դադրել է եւ ավելի հանգիստ ենք։ Բայց, միեւնույնն է, փաստաթղթերը եւ առաջին անհրաժեշտության պարագաները պատրաստել ենք, մեքենաների վառելիքը «ֆուլ» է: Սպասում ենք քաղաքային իշխանության հրահանգին։ Տուժված քաղաքներն ահավոր վիճակում են, բայց, գիտեք, այստեղ մարդիկ եւ իշխանությունը սովորեն նման կատակլիզմներին։ Կա ապահովագրական համակարգ, որը թանկ հաճույք է թվում, բայց այսպիսի դեպքերում նոր հասկանում ես տվածդ գումարներն ուր են գնում։ Պաշտպանված ես իշխանության կողմից ՝ դա սթրեսից դուրս գալուն շատ է օգնում», - «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց Իգիտխանյանը:
Ի դեպ, նշենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը Հոլիվուդի մերձակա շրջանների բնակիչներին եւս տարհանման հրաման է տվել ու ավելի քան 100 հազար մարդ ստիպված լքել են իրենց տները։ Տարհանման ենթակա տարածքները ներառում են Հոլիվուդի Փառքի ծառուղին եւ Dolby Theatre-ը, որտեղ մարտի 3-ին նախատեսված է «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը: Հրդեհների պատճառով մրցանակի հավակնորդների անունների հրապարակումն արդեն իսկ հետաձգվել է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ