Մենք հազիվ մեր ֆինանսների նախարարության հետ ենք լեզու գտնում. ԱԳ նախարարը՝ դեսպանատներում հերթերի մասին
Սա շատ կարևոր օրենք է, նաև 50 հազար քաղաքացիների նախաձեռնությանը կառավարությունը չի կարող ուղղակի դեմ կանգնել, մանավանդ, որ այդ նախաձեռնությունը ակնհայտորեն բխում է կառավարության կողմից հնչեցված թեզերից։ Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Իր հերթին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Ոչ ոք մեզ չի խանգարում շարունակաբար մոտարկել մեր օրենսդրությունը, մեր զանազան ոլորտներում եղած ստանդարտները Եվրոպական Միության սահմանած նորմերին, որ երբ որ հանրաքվեի պահը գա, եթե այդպիսի որոշում կայացվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, մենք առավել հեշտ և արագ կարողանանք այդ պրոցեսը անցնել»:
Նա անդրադարձավ նև ԵՄ երկրների դեսպանատներում ՀՀ քաղաքացիների հերթերին՝ նշելով. «Մենք իհարկե շարունակաբար աշխատում ենք մեր գործընկերների հետ, բայց երբեմն տեխնիկական մարդկային ռեսուրսների հետ կապված խնդիրների ենք բախվում: Օրինակ, չգիտեմ, X դեսպանությունը ասում է՝ մենք ունենք մի հյուպատոս և այդպես էինք պլանավորել, բայց արդեն գրել ենք մայրաքաղաք, որ մի հաստիք էլ ավելացնեն, մայրաքաղաքի ԱԳՆ-ն ասում է՝ մենք էլ դեմ չենք, բայց մեր ֆինանսների նախարարությանն ենք գրել, և այդտեղ մեր հնարավորությունները սպառվում են»:
Փաշինյանը կատակով նկատեց. «Մենք հասկանում ենք, որ ոչ միայն մեր կառավարությունն է այդպես աշխատում, այլ աշխարհի բոլոր կառավարությունները»:
Միրզոյանը շրունակեց. «Մենք հազիվ մեր ֆինանսների նախարարության հետ ենք լեզու գտնում, այն էլ ոչ միշտ է ստացվում այդպես հարթ և միանգամից լեզու գտնելը, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ և Եվրոպական Միությանում էլ գիտեն խնդրի մասին»: