Չեմ կարող ասել, թե ինչ էի զգում, երբ ինձ համեմատեցին Արուս Կավկազի հետ. Մենչ
Շոու բիզնես«Դիմակահանդես» երաժշտական-ժամանցային նախագիծը անտարբեր չթողեց անգամ եւ ոչ մեկին: Սակայն, առավել հետաքրքրություն առաջացրեց «Մադամ Գետաձիու» դիմակազերծումը: Ինչպես արդեն գիտենք, «Մադամ Գետաձիու» կերպարի տակ թաքնված էր ՈՒՀԱ-ի հիմնադիրներից, դերասան, պրոդյուսեր եւ բազում հեռուստանախագծերի հեղինակ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով հասարակության շրջանում առավել հայտնի է Մենչ անվամբ: «Իրավունքը» բացառիկ հարցազրույց է ունեցել հենց նրա՝ «Դիմակահանդես»-ի հաղթողի հետ:
— Ինչպե՞ս որոշեցիք վերցնել հենց «Մադամ Գետաձիու» կերպարը «Դիմակահանդես» նախագծում, եւ ի՞նչը գրավեց Ձեզ հենց այս կերպարի ընտրության մեջ:
— Առաջին հայացքից դուրս եկավ այդ կերպարը: Բարի կերպար էր, որը ես խաղարկային դարձրեցի ինքս ինձնով:
— Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ Ձեր կերպարին անգամ համեմատում էին բլոգեր Արուսյա Կավկազի հետ:
— Չեմ կարող ասել, թե ինչ էի զգում, երբ ինձ համեմատեցին Արուս Կավկազի հետ, սակայն երբ համեմատում էին երգիչների հետ, զարմանում էի, որովհետեւ վոկալային տվյալներով, մեղմ ասած, չեմ փայլում:
— Ձեր ելույթները փայլուն էին, փաստորեն, Ձեր վոկալային տվյալները չե՞ն զիջում դերասանականին:
— Հատատ զիջում են: Պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ տանջվելով եմ երգել: Սակայն, այստեղ կարեւորը վոկալային տվյալները չէին: Չէ որ «Դիմակահանդեսը» երգի մրցույթ չէ:
— Իսկ ո՞ւմ հետ էիք կիսվել գաղտնիքով, թե ով է «Մադամ Գետաձիի» դիմակում թաքնված: Հաջողվե՞ց թաքցնել բոլորից:
— Ոչ մեկին չեմ ասել, թաքցրել եմ բոլորից: Անգամ ընտանիքիս անդամներից, որ առավել հետաքրքիր լինի եւ հետո ծրագրի կանոններն էին այդպիսին: Մենք իրավունք չունեինք ասելու կամ նույնիսկ նախագծում աշխատող անձնակազմի հետ շփվելու:
— Երբեւէ կմտածեի՞ք, որ մի օր կարող եք ծաղկեփունջ ստանալ երգիչ Էրիկ Կարապետյանից, ինչպես եղավ նախագծի շրջանակում:
— Ոչ, առհասարակ չեմ մտածել կամ նախատեսել որեւիցե մեկից ծաղկեփունջ ստանալ:
— Արդյո՞ք շփվում էիք մյուս մասնակիցների հետ եւ գիտեիք, թե՝ ով ով է:
— Բացարձակ չենք շփվել եւ չգիտեինք, թե որ կերպարի տակ ով է: Մենք էլ բոլորի նման փորձում էինք գուշակել:
— Ամբողջ նախագծի ընթացքում ՝ ի՞նչն էր ամենաշատը զարմացնում կամ ոգեւորում:
— Զարմացնում էր կազմակերպվածությունը, թե ինչպես են ամեն բան այդքան պրոֆեսիոնալ կազմակերպել ծրագրի պրոդյուսերները եւ ողջ աշխատակազմը: Աշխատում էր բացառապես բանիմաց թիմ, որից նույնիսկ մենք էինք հաճույք ստանում: Սա առհասարակ իմ համար խաղ էր, իսկ ես խաղերը խաղում եմ միայն ոգեւորված եւ հուսամ՝ լավ:
— Երբ հաղթական դիմակը հանվեց, ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:
— Ես անհամբեր սպասում էի, թե երբ կհանեն դիմակս, որպեսզի ժյուրիի անդամների դեմքերը տեսնեի: Նախագծում մնացի մինչեւ վերջ, սակայն նրանց դեմքի արտահայտությունը երբեք չեմ մոռանա:
— Անդրադառնանք Ձեր այլ նախագծերին եւս: «Մենչի վերջը» մոնոներկայացումն արդյոք նշանակում է, որ իսկապես Մենչի վերջն է լինելու եւ այսուհետ հանդես եք գալու բացառապես՝ որպես Արմեն Պետրոսյան, թե՞ միեւնույն է, Մենչը «վերջն է»:
— Ոչ, իրական Մենչի «վերջին» դերի համար դեռ վաղ է: Սա պարզապես իմ մոնոներկայացման վերնագիրն է:
— Ի՞նչ նոր ծրագրեր ունեք 2025 թվականին եւ արդյոք դրանք նախատեսում են նաեւ հայաստանյան նախագծեր:
— Շատ ծրագրեր ունեմ կապված 2025 թվականի հետ: Նախ պետք է նկարեմ «Բոլոլայի» չորրորդ եթերաշրջանը, շարունակեմ խաղալ իմ ներկայացումները, իսկ ամռանը ցանկանում եմ գեղարվեստական ֆիլմ նկարել, որի մասին հետո ավելի մանրամասն կխոսեմ:
— Եվ վերջում՝ որպես մշակութային գործիչ, որպես քաղաքացի՝ ի՞նչ կասեք հայաստանյան այսօրվա իրականության մասին:
— Կասեմ միայն, որ մեր շատ սիրելի Հայաստանը հիմա հիվանդ է: Պետք է բուժենք, ուղղակի դեռ ճիշտ բժիշկ չենք գտնում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ