Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:
- Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:
- Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:
- Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի երեկվա հայտարարության մասին:
- Այս թեմայով նոր բան չի ասվել, որ ես նոր արձագանք ունենամ: Իսկ նախորդ ասածներին արձագանքել եմ «Արմենպրես»-ին տված նախորդ հարցազրույցում: Վերահաստատում եմ իմ այդ արձագանքը: