Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել. Փաշինյան
ՀասարակությունՀամոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Այս մասին Արմենպրեսին տված հարց ու պատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
- Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է Հայաստանի Հանրապետության սպառազինության մասին՝ ասելով, որ այն միայն նոր լարվածություն կբերի տարածաշրջանին...
- Այդ թեմային էլ բազմիցս անդրադարձել եմ: Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա: Պիտի կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Հայտարարել եմ նաև, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը: Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին:
- Վերջին օրերին Ադրբեջանը մի քանի անգամ տեղեկատվություն տարածեց, թե իբր Հայաստանի բանակը խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահմանին, Հայաստանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկատվությունը՝ հիշեցնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին:
- Իհարկե, մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց նման իրավիճակները պարբերական բանավեճերի պատճառ չդարձնելու համար մենք առաջարկել ենք ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգենք և գանք համատեղ եզրակացությունների: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին:
- Իլհամ Ալիևն ասել է նաև, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարին:
-Այո, հունվարին հանդիպում նախատեսվում է: Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի: