Ձեզ հետ միասին ոչինչ սարսափելի չէ, մահն արհամարած ունեմ. ուղիղ մեկ տարի՝ առանց Հովհաննես Գալաջյանի
ՏեսանյութերՈւղիղ մեկ տարի առաջ այս օրն «Իրավունք»-ը կորցրեց իր եւ ազատ մամուլի առաջամարտիկին: Զինակից, ով համառորեն եւ խիզախորեն շարունակում էր իր գաղափարները պաշտպանել՝ անկախ պայմաններից ու դժվարություններից: Արդեն մեկ տարի է, ինչ իր երկրային կյանքն ավանդել է ՍԻՄ կուսակցության հիմնադիր անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, «Իրավունք» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ:
Իրավունքցիները, որպես ուղենիշ, առ այսօր շարունակում են առաջնորդվել նրա հեղինակած բանաձեւով. «Անհնարին է, ուրեմն՝ անպայմա՛ն կիրագործենք: Միասին մեզ համար անհնար ոչինչ չկա, միասին մեզ համար անպարտելի թշնամի չկա, միասին մեզ համար անհաղթահարելի խոչընդոտ չկա՛»:
Մարդու իրավունքների պաշտպանությունը, ազատ խոսքը, հանրային պատասխանատվությունը, խիզախությունը՝ այս բոլոր արժեքներն ու սկզբունքները դարձել էին Հովհաննես Գալաջյանի կյանքի եւ գործի հիմքը։ Նա ոչ միայն «Իրավունք» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր էր, այլեւ իր խորաթափանց ու արդարացի տեսակետներով, իր խմբագրական աշխատանքներով մեծ ներդրում է ունեցել հայ լրագրության զարգացման ու առաջխաղացման գործում։
Գալաջյանը շատերին հայտնի էր, որպես անկոտրում ու սկզբունքային տեսակ, ում հետեւողական աշխատանքը լրագրության ոլորտում՝ «Իրավունքը» կա ու կմնա վստահելի, հեղինակավոր լրատվամիջոց։ Այդ մասին են վկայում նաեւ նրա բազում գործընկերներն ու մոտ ընկերները, ովքեր նշում են Գալաջյանի համարձակության մասին՝ բարձրաձայնելու ճշմարտությունը նույնիսկ ամենադժվարին պահերին։ Նա սիրում էր իր երկիրը, ժողովրդին, չէր վախենում բարձրաձայնել այն, ինչ հաճախ մոռացության էր մատնվում՝ անկախ ամեն ինչից։
Նրա թողած մտավոր ժառանգությունը՝ որպես լրագրող եւ հայրենասեր, դեռ շարունակվում է առաջնորդել լրագրողներին ու բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատ խոսքի ու արդարության համար։ Գալաջյանի օրինակն այսօր էլ մեզ ցույց է տալիս, որ լրագրողի աշխատանքի կարեւորությունը չի սահմանափակվում միայն տեղեկատվության տարածմամբ, այլեւ հասարակության համար կշռադատված ու արժանապատիվ ուղեցույց է։
Հովհաննես Գալաջյանի անունը միշտ կմնա մեր հիշողություններում, որպես մաքուր ու անշեղ ազգային պետություն ստեղծելու, դեպի ճշմարտություն տանող լուսավոր ճանապարհ։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
«ԻՐԱՎՈՒՆՔ»