Երևանի տրանսպորտի QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատվել է․ ժողովուրդն իրեն «քցված» է համարում
Սպառողի անկյունՏոնական օրերին քաղաքացիները սոցցանցերում ակտիվ քննարկում և բողոքում էին Երևանում տրանսպորտի բացակայությունից, տեսանյութեր էին հրապարակում՝ 1 ժամ ավել կանգառում սպասող քաղաքացիների վրդովմունքի մասին, բայց ավելի ինտենսիվ են դարձել դժգոհությունները QR ուղետոմսերի վավերականության ժամկետի մասով, որը 7 օրից կրճատվել, դարձել է 4 օր։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը «իր երթուղային բարեփոխումներից» այս մեկը համարել էր ամենաօպտիմալը, և ի սկզբանե հայտարարել էր, որ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը 30 օր կլինի, բայց հետո կրճատեց, դարձրեց 7 օր, իսկ այսօր պարզվում է՝ 4 օր է դարձրել՝ 100 դրամի դիմաց, ու չի ասվել այդ մասին բնակիչներին։
Ինչու է քաղաքապետարանը նորից վերանայել ուղետոմսի ժամկետը, ինչո՞ւ է հեշտացնելու փոխարեն ավելի բարդացնում և թալանում մարդկանց, և ո՞վ է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասները։ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Euromedia24․com-ի հետ զրույցում պարզաբանեց, որ կա որոշում ու այդ որոշմանը քաղաքային իշխանությունը հանգել է տարեվերջի ավանագնու նիստի ընթացքում, ինչն ունի իր հիմնավոր բացատրությունը։
Դեկտեմբերի 24-ին Երևանի ավագանին որոշում է կայացրել և որոշման մեջ կատարել է հետևյալ լրացումը և փոփոխությունը. «Փոփոխություն այն մասին, որ «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 100 դրամ»։
Այս փոփոխություններից հանրությունը տեղյակ չէր և իրեն «քցված» է համարում։