Կրեմլը որոշեց ավարտել «Կուրսկի գամբիթ» օպերացիան մինչև Թրամփի երդմնակալությունը. Ռուսական աղբյուր
ՎերլուծությունՌուսական տեղեկացված ռազմական աղբյուրը հայտնում է.
«Կրեմլը որոշեց ավարտել «Կուրսկի գամբիթ» օպերացիան մինչև Թրամփի երդմնակալությունը: Մոտ օրերս, կսկսվի Սուջայի համար գլխավոր ճակատամարտը, որի արդյունքը պետք է ամբողջ աշխարհին ցույց տա ուկրաինական բանակի թուլությունը:
Իսկ մինչ այդ ռուսական բանակը կարողացավ առավելագույնս օգտվել «Կուրսկի գամբիտից», ինչի մասին են վկայում Դոնբասում նվաճված տարածքները։
Միայն տարածքը «Կուրսկի գամբիտի» հիմնական արդյունքը չէ, ավելի կարևոր է Ռուսաստանի տարածքում ուկրաինական զինված ուժերի կորուստը, ավելի քան 5 հազար միավոր տեխնիկա և գրեթե 40 հազար պահեստային, ընդ որում՝ էլիտար ստորաբաժանումներ»։
Խոսքը հետեւյալի մասին է: Այն, որ ռուսներն ինչ-որ տեղ «համոզեցին» ուկրաինական կողմին` հարձակվել Կուրսկում, հասկանալի էր դեռ այդ հարձակման սկզբնական փուլում: Դա էլ ավելի տեսանելի դարձավ նաեւ ընթացքում, երբ ռուսական բանակը քանիցս հնարավորություն ունենալով ուկրաինական ուժերին լիովին դուրս մղել այդ հատվածից, այնուամենայնիվ` «ոտքը կախ էր գցում»: Իմաստը հետեւյալն է. խրվելով Կուրսկ, ուկրաինական կողմը, եւ առաջին հերթին` քաղաքական ղեկավարությունը հայտնվեց անելանելի վիճակում: Այդ հարձակումն ուներ քաղաքական իմաստ, եւ նահանջելով, Կիեւը ոչ միայն կորցնում էր այդ իմաստին հասնելու որեւէ շանս, այլ խոշոր քաղաքական պարտության էր մատնվում: Արդյունքում, ռուսների կողմից «Կուրսկի գամբիթ» անվանված այդ օպերացիայի պատճառով ուկրաինական կողմը ստիպված էր մշտապես Կուրսկի ուղղությունը համալրել բոլոր հնարավոր եւ անհնար ռեզերվներով, լավ հասկանալով, որ դրանով ճակատի մյուս հատվածներում կրելու է լուրջ պարտություններ:
Բայց ահա հասել է պահը, երբ Մոսկվայի համար «Կուրսկի գամբիթն» ավարտելը շատ ավելի կարեւոր քաղաքական հաղթանակ կդառնա, քան այլ ռազմաճակատներում առաջընթացը: Չնայած, արդեն այդ ռազմաճակատներում այն պատկերն է, որ Կուրսկում ուկրաինական ուժերին գամելն արդեն կորցրել է իր արդիականությունը. ռուսները բոլոր հատվածներում ջախջախել են ուկրաինական խորը էշելոնացված պաշտպանական գոտիները, եւ հիմա հարձակվում են գրեթե չպաշտպանված ուղղություններով: Իսկ ուկրաինական կողմը, արդեն առանց Կուրսկի էլ, ռեզերվների հետ կապված լրջագույն խնդիրներ ունի:
Փոխարենը, եթե Թրամփի ինագուրացիայի փուլում ռուսները Կուրսկի գոտին ազատագրեն, ապա Կուրսկի թեման արդեն ապագա բանակցություններում խաղարկել հնարավոր չի լինի: Գումարած, նաեւ Թրամփի համար ակնառու օրինակ կլինի, թե իրականում ինչ ռազմական բալանս է գործում ուկրաինական խաղատախտակին, որը էլ ավելի կնպաստի Կիեւի ներկա ռեժիմի հետ խորը հաշվարկներ չկապելու նրա տեսկալանին:
Ի դեպ, ռուսական հիշատակված աղբյուրի տրամաբանության մեջ մեկ սխալ, այնուամենայնիվ, կա: Բանն այն է, որ արդեն այս պահին Կուրսկի ճակատի հարավում` Սուջայի ուղղությամբ ռուսական մասշտաբային հարձակումն ընթանում է, կան միանգամայն լուրջ ձեռքբերումներ: Ռուսներն այս պահին Սուջայից մոտ 2 կմ հեռավորության վրա են, եւ շարունակում են քաղաքը հարավից շրջանցել: Արդյունքում, եթե ողջ Կուրսկի ճակատում ուկրաինական ուժերն ամենամոտ ժամանակներս հայտնվեն մեկ մասշտաբային «կաթսայի» մեջ, դառնում է ամենահավանական սցենարը: