Եթե Թրամփը hամաձայնի Ռուսաստանի հետ հրադադարի՝ առանց Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, դա նվեր կլինի Պուտինին. Զելենսկի
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հրադադարի մասին ցանկացած համաձայնագիր պետք է անպայման ներառի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, հակառակ դեպքում դա «նվեր կլինի Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինին»։
«Մենք ցանկանում ենք կայուն խաղաղություն Ուկրաինայի համար, մենք պետք է դա անենք՝ զինադադար, մարդկանց փոխանակում, և հետո դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք բոլոր տարածքները։ Եվ մենք դա կանենք դիվանագիտական ճանապարհով։ Իսկ ի՞նչ է սպասվում նախագահ Թրամփից: Եթե հրադադար լինի՝ առանց անվտանգության երաշխիքների, գոնե այն տարածքի համար, որը մենք վերահսկում ենք, ի՞նչ է նա ստանալու։ Իսկ եթե, օրինակ, նա զինադադար կնքի, իսկ երեք ամիս անց Պուտինը հարձակումների նոր ալիք սկսի։ Ի՞նչ տեսք կունենա Ուկրաինան։ Ինչպե՞ս կդասավորվի ամեն ինչ», - ասել է Զելենսկին ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ Պուտինն այժմ վախենում է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփից, բայց հենց որ Թրամփը համաձայնի հրադադարի՝ առանց Ուկրաինայի անվտանգության լուրջ երաշխիքի, այն ժամանակ «նա Պուտինին նվեր կտրամադրի»։
«Ոչ, Թրամփը դա չի ցանկանում: Ես հավատում եմ այն ամենին, ինչ նա ասում է»,- ասել է Զելենսկին։