Շաքարը ճաղատության դեմ. բրիտանացի գիտնականների նոր բացահայտումը
ՀասարակությունՇեֆիլդի համալսարանը ներկայացրել է հետազոտության հետաքրքիր արդյունքներ, որոնք հրապարակվել են Frontiers in Pharmacology ամսագրում։ Գիտնականները պարզել են, որ շաքարը, որը հայտնի է որպես դեզօքսիրիբոզ, կարող է օգտակար լինել անդրոգենետիկ ալոպեցիայի դեմ պայքարում, որը մազաթափության ամենատարածված ձևն է, որին ենթակա է տղամարդկանց և կանանց մինչև 40%-ը:
Ներկայումս այս խնդրի բուժման համար հաստատված է միայն երկու դեղամիջոց՝ մինօքսիդիլը և ֆինաստերիդը: Սակայն մինօքսիդիլի արդյունավետությունը սահմանափակ է, իսկ ֆինաստերիդը հաճախ լուրջ կողմնակի բարդություններ է առաջացնում, հաղորդում է Planet Today-ը։ Այլընտրանքային տարբերակներ փնտրելիս հետազոտողները ուշադրություն դարձրին դեզօքսիրիբոզի վրա, որը բնական կերպով գտնվում է օրգանիզմում և մասնակցում ԴՆԹ-ի սինթեզին:
Սկզբում դեզօքսիրիբոզն օգտագործվում էր մկների վերքերը բուժելու համար, ինչը նպաստում էր մորթու արագ վերականգնմանը։ Այս դիտարկումը գիտնականներին դրդեց ավելի նպատակային փորձեր անցկացնել: Ուսումնասիրությունները ներառում էին մկների մաշկի ճաղատ հատվածների բուժումը, որտեղ մազաթափությունը պայմանավորված էր տեստոստերոնի բարձր մակարդակով: Դեզօքսիրիբոզ գելի ամենօրյա կիրառումը ցույց տվեց զարմանալի արդյունքներ. ընդամենը մի քանի շաբաթ անց մորթին ամբողջովին վերականգնվեց՝ դառնալով ավելի հաստ և երկար:
Հեղինակները շեշտում են, որ նոր գելն արդյունավետությամբ չի զիջում գոյություն ունեցող դեղամիջոցներին, բայց, թերևս, ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունի։ Ինչպես բացատրում է հետազոտողներից մեկը՝ Շեյլա ՄաքՆիլը, դեզօքսիրիբոզը խթանում է արյան հոսքը դեպի մազերի ֆոլիկուլներ՝ դրանով իսկ ակտիվացնելով մազերի աճը։
Սակայն գիտնականները նշում են, որ աշխատանքը դեռ նոր է սկսվել, և պետք է լրացուցիչ հետազոտություններ կատարվեն՝ մարդկանց մոտ մազաթափությունը բուժելու այս մոտեցման ներուժը պարզելու համար: