Շաքարով կտրենք «բդի» համտեսումը, բայց...
ՀասարակությունՀիմա էլ թե բա` հանրային տրանսպորտում զմրզել են կանխիկ վճարելու ապարատն ու այլեւս կանխիկ տոմսավճար կատարել հնարավոր չէ: Այսուհետ՝ հունվարի 1-ից գործում են վճարման մի քանի եղանակներ, մասնավորապես՝ «Թել-Սել»-ի թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով եւ «Թել-Սել»-ի բջջային հավելվածով տոմսեր, ինչպես նաեւ անձնական բանկային քարտերով:
Միասնական տոմսային համակարգին անցնելու ուղեվարձի փաթեթային տարբերակն ամբողջությամբ կգործի փետրվարի 1-ից, սակայն մինչ այդ այն քաղաքացիները, որոնք շատ են օգտվում տրանսպորտից եւ իրենց համար ավելի մատչելի է փաթեթային տարբերակը, արդեն հնարավորություն ունեն ձեռք բերելու 8800 դրամի չափով փաթեթն ու կիրառել։
Այժմ մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված են «Թել-Սել» ընկերության համապատասխան սարքեր, եւ յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել վճարման քարտերը եւ դրանցով վճարումն իրականացնել։ Այս ամենը պարզ է եւ անգամ ոմանց համար մատչելի, սակայն հարցերի մի փունջ մնում է այդպես էլ չպարզված.
Հարց 1. Իսկ այն սարքերը, որոնց համար հսկայական գումարներ վճարվեց հասարակ քաղաքացու հարկերից եւ տեղադրվեց հանրային տրանսպորտում, որպեսզի 100 դրամանոցներով ուղեւորվեն քաղաքացիները, ինչի՞ համար գնվեց, այս 2 տարվա համա՞ր:
Հարց 2. Արդյո՞ք մենք այն հարուստ պետությունն ենք, որ կարող ենք մեզ թույլ տալ ամեն տարի մի նոր էքսպերիմետ անելու՝ նորանոր սարքեր գնելու, հետո այն փոխելու կամ՝ չկիրռելու:
Հարց 3. Իսկ այդ սարքերը, որոնք թվով բազմաքանակ են ու բավականին թանկ արժեն, ի՞նչ է անելու քաղաքապետարանը:
Հարց 4. Արդյո՞ք ավտոբուսի մեջ տեղադրված «Թել-Սել» ապարատների առաջ հերթեր չեն գոյանա եւ չեն խաթարի բնականոն տրանսպորտի ընթացքին, որը պետք է լինի ըստ կարգի՝ ժամով եւ հերթականությամբ:
Հարց 5. Արդյո՞ք տարեցների համար դյուրին է այդ սարքերով, կամ հեռախոսների հավելվածներով օգտվելը:
Ինչեւէ, հարցերը բազմազան են, իսկ դրա պատասխաններն այդպես էլ հասարակությունը չի կարողանում ստանալ: Այդուհանդերձ, մինչեւ փետրվարի 1-ը կպահպանվի 100 դրամ սակագինը, իսկ տրոլեյբուսի համար էլ առայժմ կարող են 50 դրամ վճարել: Մնացած զարգացումները , կախված է քաղաքապետի տրամադրությունից եւ ավագանու որոշումից, որը ինչպես համոզվեցինք այս ամիսների ընթացքում, բոլորովին վստահելի չէ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ