Ամաչում եմ այսպես ապրելու համար...
Հրապարակախոսություն«Ամենատանջալից ամոթը եւ մեծ տառապանքն այն է, երբ չես կարողանում ըստ արժանվույն պաշտպանել այն, ինչ սիրում ես, ինչով ապրում ես»:
Մաքսիմ Գորկի
Առավոտյան զանգահարեց ընկերս, (ով շատ պատվախնդիր ու հայրենասեր մարդ է), նոր տարին շնորհավորելու համար եւ երբ հարցրեցի իր որպիսիությունը, ասաց, որ. «Ամաչում է այսպես ապրելու համար»։ Նրա այդ խոսքերը շատ հուզիչ էին եւ նրա արտասանած այդ խորհրդավոր խոսքերի մեջ ես տեսա տառապանք, խիզախություն, տեսա արժանապատվություն, տեսա այս իրողության հետ անհաշտ տղամարդու կերպար, տեսա ցավ ու ամոթ իր ազգակիցներից շատերի համար, հայրենիքի կորստի, հանուն ոչնչի դարձած այդքան զոհերի, դավադիր պարտության ու նվաստացման հետ համերաշխ ապրողների համար, արդեն քանի տարի անպատիվ ու անարգված ապրելու համար։ Տեսա անճարության ու հուսահատության հոգու ճիչ ու բողոք ազգային անարժանապատվության, խեղճության ու ստրկամտության, նվաստացուցիչ պարտության ու կորուստների հետ հաշտվելու համար, Արցախի կորուստը, այսքան ստորություններն ու դավադրությունները, նվաստացումը, այս ազգուրաց իշխանություններին հանդուրժելու համար։
Իսկ ամաչելու հատկությունը մարդկային առաքինության կատարելությունն է, այն մարդկային կրքերից ամենագեղեցիկն է, ամենամարդկայինն է։ Եվ եթե բոլորս ազգովի ամաչեինք մեր այս վիճակի համար, անպատիվ ապրելու համար, ինչպես հարկն է պայքարելու կամք չցուցաբերելու համար, այս ամենը հանդուրժելու համար, անպայման չէինք հայտնվի այս աննախանձելի ու խղճուկ վիճակի մեջ։ Որպես կանոն թույլ մարդիկ էլ սպասում են հարմար առիթի, իսկ ուժեղներն` այն ստեղծում են:
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու